Բացել լրահոսը Փակել լրահոսը
դանիել
A A
Քաղաքականություն

Արցախի Մարտունու քաղաքապետի կողմից քաղաքի  ճանապարհը փակելու գործով մինչ օրս քրեական գործ հարուցված չէ

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը «Ա1+»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ Արցախում նախագահական և խորհրդարանական ընտրություններին ընդառաջ իրականացնում են մեդիամոնիտորինգ և իրավապահ մարմինների մոնիտորինգ:

Իրավապահ համակարգի մոնիտորինգը բավականին լուրջ խնդիրներ է հայտնաբերել, - նշեց Իոաննիսյանը՝ հավելելով, որ որոշների մասով հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել Արցախի դատախազություն:

«Մեզ համար խիստ մտահոգիչ էր օրերս Մարտունի քաղաքում տեղի ունեցած միջադեպը, որի ժամանակ Մարտունու քաղաքապետը մի խումբ կողմնակիցներով փակել էր Մարտունի քաղաքի  մուտքը կուսակցություններց մեկի համար և դրանով իսկ խոչընդոտել էր քարոզչությանը, այս դեպքով առ այսօր քրեական գործ հարուցված չէ, թեև այդ ամենը տեսագրված է, հրապարակված է և նույնիսկ Մարտունու քաղաքապետը և քաղաքապետարանը ընդունել էին, որ սա արվել է հենց նախընտրական քարոզչությունը խոչընդոտելու համար»:

Ըստ Իոաննիսյանի՝ մտահոգիչ է նաև այն, որ ոստիկանությունը չի փորձել բացել ճանապարհը և ապահովել այդ կուսակցության ներկայացուցիչների քարոզչությունը, բայց երբ այդ կուսացության  ներկայացուցիչներն են փակել փողոցը՝ ի նշան բողոքի, ոստիկանությունը 13 հոգու բերման է ենթարկել,-ասում է բանախոսը և հավելում, որ այդ ընթացքում բերման ենթարկվողներից մեկի երկու կողոսկրը կոտրվել է:

Հիշեցնենք, որ համացանցում օրերս տեսանյութ էր հրապարակվել, որտեղ երևում էր, որ Արցախի մարտունու քաղաքապետը փակում է քաղաքի մուտքը և խոչընդոտում Արցախի Հեղափոխական կուսակցության ներկայացուցիչների մուտքը Մարտունի քաղաք՝ պատճառաբանելով, որ նախագահի թեեկնածու Արայիկ Հարությունյանն իր ընկերն է և թույլ չի տալու նրա դեմ խոսել:

Հետաքրքրվեցինք նաև, թե ի՞նչ դիտարկումներ ունեն այն մասով, որ  Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը նախընտրական շտաբ է բացել Երևանում, Իոաննիասյանն ասաց, որ սա հակասում է  ՀՀ օրենդրությանն այն մասով, որ ՀՀ օրենսդրությամբ արգելվում է օտարերկրյա կուսակցությունների գործունեությունը.

«Բացարձակապես անհասկանալի է՝ ինչ գործունեություն են իրենք ծավալելու Երևանում»:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ կորոնավիրուսի տարածման վտանգով պայմանավորված Արցախում ընտրություններին քաղաքացիների մասնակցությունը ցածր լինի, Իոաննիսյանն ասաց՝ հնարավոր է, բայց ոչ ոք չի կարող ասել, թե քանի քաղաքացի չի գնա ընտրական տեղամաս կորոնավիրուսի պատճառով:

Իոնաննիսյանը ընդգծեց, որ Արցախում ընտրական օրենսգիրքը ավելի շատ թերություններ ունի, քան Հայաստանի օրենսդրությունը.

«Այդուհանդերձ՝ պետք է ասել, որ Քրեական օրենսգրքի կարգավորումները նույն մեր Քրեական օրենսգրքի կարգավորումներն են, այս առումով բավականին լավ է, Արցախի իրավապահները ունեն բոլոր հնարավորությունները արդյունավետ պայքարելու ընտրական հանցագործությունների դեմ»:

Հիշեցնենք, որ մարտի 31-ին անցկացվելու են Արցախի նախագահական և խորհրդարանական ընտրությունները, և «Իրազեկ քաղքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակ»-ը այնտեղ կարճաժամկետ դիտորդություն է իրականացնելու:

Հավելենք, որ ընտրություններին մասնակցելու են Հանրապետության նախագահի 14 թեկկնածուներ, իսկ Ազգային ժողովի ընտրություններին՝ 10 կուսակցություններ և 2 կուսակցությունների դաշինքներ: