Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Շտապօգնության աշխատողների մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել․ նրանք դուրս են եկել աշխատանքի․ Թագուհի Ստեփանյան (տեսանյութ)

«Շտապօգնությունը միշտ է աշխատում է արտակարգ ռեժիմով՝ անկախ իրավիճակից»,- Կառավարության մամուլի սրահում հրավիրված ասուլիսում հայտարարեց «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը:

Միևնույն ժամանակ ընդգծեց, որ հունվար և փետրվար ամիսների համեմատ շտապօգնության  կանչերը նվազել են.

«Եթե հունվար-փետրվար ամիսներին սպասարկում էինք օրը 900-950 կանչ, այսօր մենք սպասարկում ենք 700-750 կանչ, ինչպես միշտ առաջին տեղում է սիրտ-անոթային հիվանդությունները(կանչերի մոտ 20 տոկոսը), հետո սուր-շնչառական հիվանդությունները,  երրորդ տեղում վնասվածքներն  են»:

Նա վստահեցրեց, որ այս ամիս սուր- շնչառական հիվանդությունների թիվն էլ է պակասել նախորդ երկու ամիսների համեմատ՝ եթե հունվարին և փետրվարին սպասարկել են օրը 150-220 կանչ, այսօր սպասարկում են 100-140 կանչ:

«Ա1+»-ի հարցին, թե լինում են դեպքեր , երբ մարդիկ կորոնավիրուսի իրավիճակով պայմանավորված՝  շտապօգնություն են զանգահարում ուղղակի խուճապի մատնվելով, Թագուհի Ստեփանյանը պատասխանեց․

«Ուզում եմ հորդորել, դիմել նաև խնդրել մեր քաղաքացիներին շտապօգնություն զանգել իսկապես անհրաժեշտության դեպքում, որովհետև մեր բրիգադաները գերծանրաբեռնված են աշխատում այսօրվա դրությամբ և ուղղակի միայն  թոք լսելու համար պետք չէ կանչել շտապօգնություն: Շատերը մտածում են, որ եթե կանչեն շտապօգնություն և իրենց մոտ կասկածներ կան կորոնավիրուսի հետ կապված, շտապօգնությունը կարող է տանել թեստավորել։ Այդ թեստերը չպետք է կատարվեն յուրաքանչյուրի քմահաճույքով: Հիվանդը պետք է դիմած լինի ընտանեկան բժշկին, ապրի կամ աշխատի այն օջախում, որտեղ կորոնավիրուսի դեպք է նախապես հայտնաբերվել և ամենակարևորը՝ կորոնավիրուսով հիվանդի հետ պետք է շփում ունեցած լինի»:

«Ա1+»-ը հետաքրքրվեց՝ եթե ձեռք բերվեն կորոնավիրուսը արագ ախտորոշող ռապիդ թեստեր, արդյո՞ք շտապօգնությունը կիրառելու է դրանք։

Թագուհի Ստեփանյանը նշեց, որ եթե ձեռք բերվեն և շտապօգնությունն էլ կիրառի, սա բավականին կթեթևացնի իրենց աշխատանքը: «Ինֆեկցիոն հիվանդանոցի ծանրաբեռնվածությունը ևս կպակասի»։

Նա նաեւ  տեղեկացրեց, որ այսօրվա դրությամբ շտապօգնության որևէ աշխատակից մեկուսացված չէ։

Մի քանի օր առաջ մեկուսացված շտապօգնության 3 աշխատակիցների մոտ կորոնավիրուս  չի հայտնաբերվել, և նրանք անցել են բնականոն աշխատանքի։

Ինչ վերաբերում է վարչապետի հայտարարությանը, թե եղել են կոնտակտավոր քաղաքացիներ, ովքեր թաքնվել են բժիշկներից, Թագուհի Ստեփանյանը հաստատեց, որ նման դեպքեր եղել են, բայց նաև ընդգծեց, որ իր համար նման վարքագիծը զարմանալի է ու հորդորեց քաղաքացիներին գիտակցաբար մոտենալ խնդրին:

«Ա1+»-ի մյուս հարցին, թե սուր ինֆարկտի ախտանիշներով պացիենտներին արդյո՞ք շտապօգնությունը ուղղորդում է կոնկրետ հիվանդանոցներ, տիկին Ստեփանյանն արձագանքեց, որ շտապօգնությունը  շարժվում  է ըստ քաղաքապետարանում հաստատված հերթապահության գրաֆիկի։ Այն հիվանդանոցներ,  որտեղ  կան սիրտ-անոթային բաժանմունքներ, երկրորդը՝ հիվանդի ցանկությունով են առաջնորդվում, երրերդը՝  հաշվի են առնում մոտակայքում գտնվելու հանգամանքը։