Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Մոտ 22 լրատվամիջոցի ոստիկանությունը հորդորել է ոչ պաշտոնական տեղեկությունները հեռացնել. Հայկ Մհրյան (տեսանյութ)

Ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանը այսօր ասուլիս է տվել։ Նա  նշում է, որ կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված ոստիկանության գործողություները սկսվել է դեռևս փետրվարի 23-ից, իսկ արտակարգ ռեժիմի որոշումից  հետո պահակակետերի թիվը ավելացել է 10-ով, որի միջոցով էլ իրականացվել է պահպանությունը:

Հայկ Մհրյանը նշեց, որ իրականացնում է նաև ինքնամեկուսացման ենթարկված քաղաքացիների հսկողոթյունը՝ չորս ժամը մեկ հեռախոսակապի միջոցով կապվելով  մեկուսացած քաղաքացիների հետ: Իսկ ինքնամեկուսացման խախտումների դեպքում, ոստիկանությունը կապվում է քաղաքացու հետ հորդորելով հետևել ինքնամեկուսացման պայմաններին:

«Այս պահին ՀՀ-ում ունենք մեկուսացված անձինք և այդ ցուցակները ճշգրտվում է ամեն օր Առողջապահության նախարարության հետ և մենք ամեն օր այդ ցուցակով աշխատում ենք»:

Տեղակալի խոսքով՝ պարետի ցուցումը ստանալուց հետո ոստիկանությունը 1351 իրազեկում է ուղարկել հուղարկավորություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին և ժամանցի ու զվարճանքի տնտեսվարող սուբյեկներին: Երեկվա դրությամբ թվով 115 հոգեհանգստի միջոցառում է կատարվել, պահպանվել է 20 հոգու սահմանափակման ռեժիմը: Իսկ այսօրվա  դրությամբ  370  իրազեկում է ուղարկել այն օբյեկտներին, որոնք պետք է դադարեցնեն իրենց գործողությունները:

Հայկ Մհրյանը նշեց, որ լրատվամիջոցների, սոցիալական ցանցերի, և անհատ օգտատերերի հետ կապ են հաստատել՝ հորդորել, որ օգտատերերը կամ լրատվամիջոցներն իրենց կայքերից հեռացնեն այն տեղեկատվությունները, որոնք չեն բխում պաշտոնական տեղեկատվությունից:

«Մոտ 22 լրատվամիջոցների հետ մեր ստորաբաժանումները աշխատել են և հորդորել ոչ պաշտոնական տեղեկություները հեռացնել: Մենք ունենք համապատասխան մասնագետներ, տեղեկատվությունը ուսումնասիրում են և խուճապ առաջացնող տեղեկատվության դեպքում՝ անմիջապես արձագանքում են ՝ հենվելով պարետի ցուցմանը»։

Հայկ Մհրյանը նշեց, որ ոստիկանության կողմից մարտի 20-ից հանրային տրանսպորտում ուժեղացված հսկողություն է սկսվել՝ երթևեկող քաղաքացիների թիվը չգերազանցելու համար: Արդեն 73 արձանագրություն է արվել՝ 20 հոգուց ոչ ավել քաղաքացիների երթևեկութուն կազմակերպելու համար:

«Ա1+»-ի հարցին, թե քաղաքացիներն ահազանգում են, որ Մաշտոցի պողոտայում «Պրոսպեկտ Մոլ»-ի հարևանությամբ փողոցային առևտուր է իրականացվում, որտեղ շատ մարդիկ են հավաքվում, արդյո՞ք ոստիկանությունը հսկողություն չի իրականացնում:

Հայկ Մհրյանը պատասխանեց.

«Մենք հսկողություն կիրականացնենք և քաղաքապետարանի առևտրի վարչության հետ համատեղ  միջոցներ կձեռնարկենք»:

Հայկ Մհրյանը նաև տեղեկացրեց, որ ՀՀ ոստիկանության հոսպիտալում 59 կորոնավիրուսով հիվանդ քաղաքացիներ են բուժվում: Ընդգծելով, որ ոստիկանության բոլոր բաժիններում պահպանվում է համաճարակային կանոնները՝ անձնակազմը ստուգվում է մշտապես և ջերմության դեպքում ուղարկվում են ինքնամեկուսացման: Այս պահին մեկ ոստիկանի ընտանիք Ծաղկաձորում ինքանամեկուսացված է: