Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Բայց ես ինչի՞ պիտի վճարեմ․ Ծառուկյանը՝ իր աշխատողներին հարկադիր պարապուրդի դիմաց վճարելու մասին (տեսանյութ)

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հորդորում է կարգուկանոնին հետևել, նշաններ ի հայտ գալուն պես անպայման դիմել համապատասխան մարմիններին։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառանալով քիչ առաջ ԱԺ-ի կողմից ընդունված նախագծերի փաթեթին, որով մեկուսացման և ինքնամեկուսացման պահանջները խստացվում են։

«Խստացումները ողջունելի են, այո, եթե մարդը գիտակցում է, որ ինքը հիվանդ է ու ինքը կարող է շփվել հանրության հետ, փողոց դուրս գալ, պարտավոր է 14 փակված մնալ, իսկ եթե ոչ՝ պետք է պատասխանատվության ենթարկվի»,- ասաց Գագիկ Ծառուկյանը։

ԲՀԿ ղեկավարը չցանկացավ այս շրջանում անդրադառնալ ու գնահատել կորոնավիրուսի տարածման դեմ կանխարգելիչ միջոցների տարվող աշխատանքներին։ Նա լրագրողներին հիշեցրեց, որ դեռ 2 ամիս առաջ զգուշացրել էր, որ տնտեսական ճգնաժամի նախանշաններ կան, պետք է քայլեր ձեռնարկվեն, որ փակուղու առաջ չկանգնենք։

«Եթե Ծառուկյանի խոսքը լսած լինեին, նախապատրաստական աշխատանքներ կատարեին, այսպես չէր լինի, բայց ես չեմ ուզում հիմա մեղադրեմ ինչ-որ մեկին։ Սա բոլորիս խնդիրն է, մենք պետք է միասնական լինենք և այս իրավիճակից դուրս գանք»,- ընդգծեց Գագիկ Ծառուկյանը։

ԲՀԿ ղեկավարն ասաց, եթե ինքն իրավասություն ունենար, այնպես կաներ, որ ամեն ինչ լավ լիներ։ ԲՀԿ- ղեկավարից հետաքրքրվեցին, թե արտակարգ դրության ընթացքում ինքն իր աշխատակիցներին հարկադիր պարապուրդի դիմաց վճարելո՞ւ է, ինչին Գագիկ Ծառուկյանն այսպես արձագանքեց․ «Բայց ես ինչի՞ պիտի վճարեմ, պետությունը արտակարգ դրություն է հայտարարել, ինքն էլ պարտավոր է չաշխատող ժողովրդին գումար տրամադրի։ Պետությունն այսօր ոնց որ ընտանիքի հայրը լինի»։

Տեսանյութը՝ Factor.am-ի