Բացել լրահոսը Փակել լրահոսը
Սասնա ծռեր լոգո
A A
Հասարակություն

Օրվա իշխանությունը պարտավոր է ձեռնպահ մնալ խոսքի ազատությունը սահմանափակելու ամբողջատիրական գայթակղությունից. «Սասնա ծռեր»․

Հայտարարություն

Հայաստանում կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված արտակարգ դրության ռեժիմի ապահովման նպատակով անհրաժեշտ իրավակարգավորումներ սահմանելու նպատակով հրավիրված ՀՀ ԱԺ արտահերթ նիստն առաջին ընթերցմամբ ընդունել է ՀՀ քրեական օրենսգրքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծերը:

Երկրորդ ընթերցումը, որով օրինագծերը կընդունվեն ամբողջությամբ, նախատեսված է երկուշաբթի՝ 2020 թ. մարտի 23-ին, ժամը 11:00-ին սկսվող արտահերթ նիստում:
Ողջունում և տեղին ենք համարում արտակարգ դրության ժամանակ մեկուսացման և ինքնամեկուսացման պահանջները խախտելու համար պատասխանատվություն սահմանող իրավակարգավորումների ընդունումը:

Միևնույն ժամանակ՝ միանգամայն չկշռադատված և վտանգավոր ենք համարում գրաքննության սահմանումը, որ նախատեսվում է կատարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի լրացմամբ, ըստ որի՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից արտակարգ դրության ժամանակ սահմանված տեղեկությունների հրապարակման կամ տարածման սահմանափակումները խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում:

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով աշխարհի բազմաթիվ երկրներում հայտարարված է արտակարգ դրություն, սակայն դրանցից միայն եզակիներն են (այն էլ՝ ներկայումս բռնապետական կամ անցյալում ամբողջատիրական) նախատեսել խոսքի ազատության սահմանափակումներ:

Մեր պարագայում, երբ դեռևս ամբողջությամբ հաղթահարված չէ բռնապետական անցյալի իներցիան, անցյալից մնացած կադրերի կառավարման ներքո գտնվող ուժային համակարգը շատ արագ կերպով կարող է վերադառնալ իրեն հոգեհարազատ մեթոդներին և միջոցներին՝ չեղարկելով արդեն ձեռք բերված քաղաքացիական ազատությունների նվաճումները, ինչն էլ ավելի կխորացնի ճգնաժամը:

Բացի այդ՝ արտակարգ իրավիճակի սուղ պայմաններում գրաքննության փոխարեն պետական ռեսուրսն ավելի արդյունավետ կերպով պետք է օգտագործվի իրապես կենսական պրոբլեմներ լուծելու համար:
Համոզված ենք, որ հազարամյակների ճանապարհ ու փորձություններ հաղթահարած մեր ժողովուրդն ունակ է դրսևորելու գիտակից և պատասխանատու վարքագիծ:
Այդուհանդերձ, եթե լինեն նպատակաուղղված ապատեղեկացման փորձեր, ապա դրանք շատ հեշտությամբ կարող են խափանվել իշխանության ճշմարտացի և ամբողջական տեղեկատվությամբ՝ քաղաքացիների գործուն աջակցությամբ:

Վերը նշվածի հաշվառմամբ հայտարարում ենք, որ օրվա իշխանությունը պարտավոր է ձեռնպահ մնալ խոսքի ազատությունը սահմանափակելու ամբողջատիրական գայթակղությունից, դրա փոխարեն անվերապահ հավատով վերաբերվել մեր ժողովրդի գիտակցականության աճման ներուժին և արտակարգ իրավիճակը ծառայեցնել գիտակից, իրավատեր և իր խոսքի ու գործի համար պատասխանատու քաղաքացու կայացմանը:

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարություն
22 մարտ 2019 թ., Երևան