Բացել լրահոսը Փակել լրահոսը
Travel-Shuts-Down-at-Ground-Zero-of-Coronavirus-to-Contain-Spread-of-New-Disease
A A
Հասարակություն

Ինչպե՞ս խոսել երեխաների հետ կորոնավիրուսի մասին, եթե դուք ուսուցիչ եք․ ՅՈՒՆԻՍԵՖ

ՅՈՒՆԻՍԵՖ-ը պատրաստել է ուղեցույց ուսուցիչների համար։ Դրանք խորհուրդներ են, որ կօգնեն երեխաների հետ կորոնավիրուսի մասին խոսելիս։  Տարբեր տարիքային խմբերում այդ խորհուրդները տարբեր են։

 

Նախադպրոցականներին

Հիմնականում շեշտադրե՛ք առողջ ապրելակերպի հետ կապված վարքը, այն է՝ փռշտալիս և հազելիս բերանը արմունկով կամ անձեռոցիկով ծածկելը։ Այս կայքէջում ավելի մանրամասն խորհուրդներ կան այն մասին, թե ինչպես կարելի է խուսափել վարակից։

Կորոնավիրուսից և այլ վարակներից պաշտպանվելու լավագույն մեթոդը ձեռքերը հաճախակի լվանալն է։ Խրախուսե՛ք երեխաներին հնարավորինս հաճախ, քսան վայրկյան շարունակ լվանալ ձեռքերը։ Պետք չէ վախեցնել, փոխարենը կարող եք այս երգն ու այս պարը սովորեցնել նրանց։ Ձեռքերը լվանալու հետ կապված հիմնական խորհուրդներն այստեղ են։

Մի մեթոդ մտածե՛ք, որ կօգնի ձեզ վերահսկել, թե ինչպես են երեխաները լվանում ձեռքերը։ Չմոռանա՛ք հաճախակի լվացվողների համար խրախուսման տարբերակներ ևս մտածել։

Կարող եք թատրոնի և տիկնիկների միջոցով ցույց տալ նրանց վարակի նշանները՝ հազը, փռշտոցը կամ ջերմությունը, և թե ինչ կարող են նրանք անել, երբ իրենց լավ չեն զգում․ օրինակ, երբ գլուխն է ցավում կամ հոգնած են։ Կարող եք նաև ցույց տալ, թե ինչպես պետք է վերաբերվել հիվանդներին։ Սրանով կարելի է երեխաներին սովորեցնել միմյանց խնամելու և մյուսին ցավակից լինելու որակներ։

Երբ մարմնամարզության ժամն է, կարող եք շրջանաձև՝ մեկը մյուսից մեկ մետր հեռավորության վրա նստեցնել երեխաներին և սկսել մարզանքը։ Երեխաները միմյանցից բավականաչափ հեռու պետք է լինեն, որպեսզի մարզանք անելիս միմյանց չվնասեն։

 

Տարրական դասարանների աշակերտներին

Անպայման ուշադրություն դարձրե՛ք, հաշվի՛ առեք և լսե՛ք երեխաների անհանգստությունների մասին։ Պատասխանե՛ք նրանց հարցերին երեխաներին հասկանալի լեզվով։ Պետք չէ նրանց ծանրաբեռնել ավելորդ տեղեկատվությամբ։ Քաջալերե՛ք նրանց արտահատվել և խոսել իրենց զգացմունքների մասին։ Քննարկե՛ք բոլոր այն զգացմունքները, որ նրանք կարող են ունենալ, և անպայման հաղորդե՛ք նրանց, որ այդ իրավիճակում դա նորմալ է։

Անընդհատ շեշտադրե՛ք, որ երեխաները կարող են շատ բան անել իրենց և իրենց շրջապատղ անձանց պաշտպանելու համար։ Օրինակ՝ բացատրե՛ք նրանց սոցիալական հեռավորության գաղափարը, այն է, որ պետք է խուսափել մարդաշատ վայրերից, նույնիսկ ընկերներից պետք է մի քիչ ավելի հեռու կանգնել և մյուս մարդկանց ձեռք չտալ։ Նաև շեշտադրե՛ք հիգիենային հետևելու կարևորությունը։ Ահա` ինչպես է պետք պաշտպանվել վարակից։

Օգնե՛ք երեխաներին հասկանալ վարակից պաշտպանվելու բազային մեխանիզմները։ Այնպիսի վարժություններ/փորձարկումներ արե՛ք տանը, որոնք ցույց են տալիս երեխաներին, թե ինչպես կարող է վարակը տարածվել։ Օրինակ՝ կարող եք գունավոր ջուր լցնել շշի մեջ ու այն փչել մաքուր սպիտակ թղթի վրա։ Երեխաները կտեսնեն, թե որքան հեռու է տարածվում գույնը։

Կրկին ու կրկին ցո՛ւյց տվեք, որ կարևոր է ձեռքերը լվանալը նվազագույնը քսան վայրկյան տևողությամբ։ Օրինակ՝ մի փոքր քանակությամբ փայլ լցրեք երեխայի ձեռքերի մեջ ու նրան ասեք, որ լվանա միայն ջրով։ Նրանք կհամոզվեն, որ միայն ջրով դրանք չեն լվացվում ու փայլերի մի մասը մնում է։ Հետո ասեք, որ օճառով փորձեն։ Նրանք կնկատեն, որ միայն այդ ժամանակ են փայլերը մաքրվում։

Մի տեքստ պատրաստե՛ք ու աշակերտներին հանձնարարե՛ք վերլուծել տեքստում նշված տարբեր մարդկանց վարքն ու առանձնացնել դրանցից ամենառիսկայինը։ Օրինակ՝ ուսուցիչը հիվանդ է, սակայն շարունակում է գալ դասի կամ ընկերներից մեկը փռշտալիս ձեռքերով փակում է բերանը, հետո մաքրում է ձեռքերը թաշկինակով ու շարունակում խաղալ։ Ո՞րն է ռիսկային վարքը և փոխարենը ինչպես պետք էր վարվել։

 

Միջին և ավագ դասարանի դպրոցականներին

Անպայման լսե՛ք երեխաներին անհանգստացնող հարցերն ու փորձե՛ք պատասխանել դրանց։

Անընդհատ շեշտադրե՛ք, որ աշակերտները շատ բան կարող են անել իրենց և իրենց ընկերներին պաշտպանելու համար։ Բացատրե՛ք, օրինակ, հեռավորություն պահելու ու հիգիենայի կանոնները հետևելու կարևորության մասին։ Այստեղ կարող եք կարդալ վարակից խուսափելու կանոնների մասին։

Հիշեցրե՛ք աշակերտներին, որ այս կանոնները նրանք կարող են պատմել նաև ընտանիքի մյուս անդամներին։

Քաջալերե՛ք աշակերտներին դիմակայել խտրականությանը և կանխարգելել բուլիինգը։ Քննարկե՛ք խտրականության հետևանքներն ու բացատրե՛ք , որ այս ամենը նման արտակարգ իրավիճակներում նույնիսկ բնական է։ Քաջալերե՛ք նրանց արտահայտել իրենց զգացմունքները, բայց նաև բացատրե՛ք, որ վիրավորանքն ու խտրականությունը իրավիճակն ավելի են բարդացնում։ Կարևոր է, թե ինչ բառապաշար կօգտագործեք։ Ահա այսպես ենք խորհուրդ տալիս ծնողներին խոսել երեխաների հետ վարակի մասին։

Աշակերտական գործակալություն ստեղծե՛ք և խրախուսե՛ք նրանց հանրային առողջության վերաբերյալ փաստեր տարածել։

Առողջապահական կրթությունը մյուս առարկաների մեջ ևս ներառեք նույնպես։ Բնագիտական առարկաները, օրինակ, կարող են ծառայել տարբեր վարակների, դրանց տարածման պատմություններն, ինչպես նաև պատվաստումների կարևորությունը ուսումնասիրելու համար։ Հասարակագիտական առարկաներն էլ կարող են կենտրոնանալ համաճարակների պատմության,հանրային առողջության ու անվտանգության վրա քաղաքականության ազդեցության գնահատման վրա։

Խրախուսե՛ք աշակերտներին իրենց անձնական հայտարարությունները կորոնավիրուսից պաշտպանվելու մասին պատրաստեն դպրոցում փակցնելու համար։

Մեդիագրագիտության դասերն այս իրավիճակում կարող են զարգացնել երեխաների քննադատական մտածողությունն ու նրանց ավելի արդյունավետ հաղորդակցվելու հմտություններով զինել։ Այսպիսով նրանք ավելի ակտիվ քաղաքացի դառնալու հնարավորություն կունենան և ավելի լավ կկարողանան տարբերել ապատեղեկատվությունը։

 

ՅՈՒՆԻՍԵՖ