Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess havaknord
A A
Սպորտ

Շախմատի հավակնորդների մրցաշար. չորրորդ տուրում հաղթող այդպես էլ չգտնվեց

Եկատերինբուրգում շարունակվող շախմատի հավակնորդների մրցաշարում այսօր կայացան 4-րդ տուրի պարտիաները: 

Աշխարհի փոխչեմպիոն Ֆաբիանո Կարուանան սպիտակներով հանդիպեց մրցաշարի երեք առաջատարներից մեկի՝ Յան Նեպոմնյաշչու հետ: Բավական երկարատև դիրքային պայքարից հետո կողմերը 55 քայլից հետո հաշտություն կնքեցին:

Մինչ այդ ոչ-ոքի էին ավարտել իրենց պարտիաները նաև մյուս երկու առաջատարները՝ Մաքսիմ Վաշյե-Լագրավն ու Վան Հաոն: Ֆրանսիացի շախմատիստը Ալեքսանդր Գրիշչուկի հետ խաղում միայն վերջին զինվորը փոխանակելուց հետո խաղաղություն կնքեց, իսկ չին գրոսմայստերը սպիտակներով փորձեց հաղթանակի հասնել մրցաշարի ետնապահ Կիրիլ Ալեքսեենկոյի նկատմամբ, բայց՝ ապարդյուն: Երրորդ տուրում Ֆաբիանո Կարուանայի նկատմամբ գեղեցիկ հաղթանակ տոնած չին շախմատիստ Դին Լիժենը լարված պայքարում միավորը կիսեց նիդերլանդցի Անիշ Գիրիի հետ: 

Այդպիսով, չորս տուրից հետո մրցաշարային աղյուսակը 2,5-ական միավորով գլխավորում են Մաքսիմ Վաշյե-Լագրավը, Վան Հաոն և Յան Նեպոմնյաշչին: Նրանցից կես միավորով ետ են մնում Ֆաբիանո Կարուանան ու Ալեքսանդր Գրիշչուկը: Մնացած երեք շախմատիստներն ունեն 1,5-ական միավոր:

Վաղը տեղի կունենա 5-րդ տուրը: Կենտրոնական պարտիայում Յան Նեպոմնյաշչին կհանդիպի Վան Հաոյի հետ: Ֆաբիանո Կարուանան սևերով կմրցի Անիշ Գիրիի, իսկ Մաքսիմ Վաշյե-Լագրավը՝ Կիրիլ Ալեքսեենկոյի հետ: