Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+sport
A A
Սպորտ

Երկրներ, որոնք այս օրերին անցկացնում են սպորտային մրցումներ

Աշխարհում կորոնավիրուսի տարածման պատճառով սպորտային մեծ ու փոքր մրցումներ հետաձգվեցին և չեղարկվեցին: Սակայն, պարզվում է, որ նույնիսկ այդ պայմաններում կան երկրներ, որոնք շարունակում են անցկացնել իրենց առաջնությունները, և կան մարդիկ, ովքեր կազմակերպում են սպորտային միջոցառումներ:

 

Նախ, Բելառուսի ֆուտբոլի ֆեդերացիան թեև տեղյակ է ՈՒԵՖԱ-ի կայացրած որոշումների հետ (Եվրո-2020-ի հետաձգումը մեկ տարով, եվրոգավաթների դադարեցումը), սակայն չի հետաձգել նոր առաջնության մեկնարկը և անցկացրել է առաջինտուրը: Ավելին, ԲՖՖ-ն չի արգելում ֆուտբոլասերների մուտքն այդ հանդիսականներում: Այժմ Բելառուսի առաջնությունում կարճատև ընդմիջում է, քանի որ երկրի հավաքականը պետք է Եվրո-2020-ի անցումային խաղ անցկացներ Վրաստանի հետ, որը, բնականաբար, հետաձգվել է:

Սպորտային կյանքը բոլորից շատ եռում է կանաչ մայրցամաքում՝ Ավստրալիայում: Այստեղ շարունակվում է ֆուտբոլի ազգային առաջնությունը, իսկ ահա երեկ մեկնակել է նաև ավտրալական ֆուտբոլի մրցաշրջանը: Տարբերությունը միայն նրանում է, որ եվրոպական ֆուտբոլի խաղերն անցկացվում են հանդիսականներով, իսկ ահա տեղական ֆուտբոլը՝ փակ դռներով:

Ներկայիս բարդ ժամանակներում ֆուտբոլի ազգային առաջնությունները չեն դադարեցվել նաև Հոնկոնգում, Սինգապուրում, Թուրքմենստանում, Աֆրիկյան մի քանի երկրներում, Հաիթիում, Ճամայկայում, Նիկարագուայում:

Այսօր Մանչեսթերում կանցկացվի առանց կանոնների մարտերի երեկո, որի կենտրոնական մրցավեճում կհանդիպեն լեհ Բարտոշ «Մսագործ» Ֆաբինսկին ու անգլիացի Դարեն «Ատամնաբուժ» Ստյուարտը: Երեկոն կանցնի առանց հանդիսականների, բայց կցուցադրվի վճարովի հեռուստաալիքներով:

Ասիական շատ երկրներում անցկացվում են սեղանի թենիսի մրցաշարեր, որոնցում հիմնականում հաղթում են Չինաստանի ներկայացուցիչները:

Սակայն, այսօր ամենատարածված մարզաձևը կիբերսպորտն է, այսինքն՝ համակարգչային սպորտային խաղերը: Մասնավորապես՝ ֆուտբոլի պրոֆեսիոնալ ակումբները սկսել են ստեղծել իրենց թիմերը և մրցել մյուս ակումբների հետ: Անգլիայում անցկացվում է նույնիսկ կիբերֆուտբոլի Պրեմիեր լիգայի առաջնություն:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում այս օրերին ընթանում է շախմատի հավակնորդների մրցաշարը: Այսօր տեղի կունենա 4-րդ տուրը: Մրցաշարը բաղկացած է 14 փուլից: