Բացել լրահոսը Փակել լրահոսը
unnamed (1)
A A
Պաշտոնական

«Սասնա ծռերը»՝ արտակարգ դրության ռեժիմը խստացնելու անհրաժեշտության մասին

«Սասնա ծռեր» կուսակցության հայտարարությունը․

Հայաստանում կորոնավիրուսի համաճարակի ծավալման հնարավորինս կանխարգելման նպատակով անհրաժեշտ է արտակարգ դրության ռեժիմը համապատասխանեցնել առողջապահական գերակայություններին:
 
Այսպես, շատ ողջունելի է, որ արտակարգ դրություն հայտարարելուց հետո առողջապահության համակարգը գրեթե մոտեցել է շատ երկրներում փորձարկված և դրական արդյունք արձանագրած կարանտինային տրամաբանությանը, որն արտահայտվում է «Մնա տանը» կարգախոսով:
 
Մինչդեռ արտակարգ դրության ռեժիմը չի պարունակում «Մնա տանը» տրամաբանությանը համապատասխան պայմաններ, ինչի պատճառով առաջանում են բազմաթիվ պրոբլեմներ:
 
Դրանց թվում կարելի նշել վարակման մեծ հավանականություն պարունակող երթուղային տաքսիներով երթևեկելու, քրեակատարողական հիմնարկներից անազատության մեջ գտնվող անձանց դատարաններ տանելու, առհասարակ՝ նրանց մասնակցությամբ հատկապես մեծաքանակ ներկաների կազմով դատավարություններ անցկացնելու, սուպերմարկետներում և այլ առևտրի օբյեկտներում մարդկանց կուտակումների, ռեստորանները և սննդի այլ հանրային օբյեկտները այցելուների համար չփակելու (այլ միայն առաքումների համար աշխատեցնելու), բացակայող աշխատողների նկատմամբ գործատուների կողմից տույժեր կիրառելու, անգամ՝ նրանց աշխատանքից ազատելու, քաղաքացիների կողմից տանը մնալու և/կամ եկամտից զրկվելու հետևանքով կոմունալ ծառայությունների և վարկային պարտավորությունների վճարումները չկատարելու, անապահով խավի նվազագույն կարիքները հոգալու և մի շարք այլ երևույթների հետ կապված կենսական պրոբլեմները:
 
Վերը նշվածի հաշվառմամբ՝ ՀՀ իշխանություններին, ներառյալ՝ Արտակարգ դրության պարետին, առաջարկում ենք արտակարգ դրության ռեժիմը համապատասխանեցնել առողջապահական գերակայություններին և նրա «Մնա տանը» կարգախոսին և այդ նպատակով ձեռնարկել վերը նշված պրոբլեմները լուծելու կոնկրետ քայլեր՝ կիրառելով կարանտինային բնույթի որոշակի արգելքներ, ֆինանսատնտեսական մեխանիզմներ, այդ թվում՝ կոմունալ ծառայությունների և վարկային պարտավորությունների վճարումների հետաձգումներ, աշխատողների հարկադիր պարապուրդի դիմաց նվազագույն փոխհատուցումներ, ինչպես նաև անապահով խավին առաջին անհրաժեշտության ծառայությունների (ջուր, հոսանք, գազ, կապ) մատուցման և ապրանքների (սնունդ, դեղորայք, ախտահանիչ նյութեր և պարագաներ) հատկացման քայլեր:
 
Այս ամենի համատեքստում շատ կարևոր է սոցիալական արդարության սկզբունքի պահպանումը. բիզնեսը և քաղաքացին պետք է հավասարապես կրեն անխուսափելի տնտեսական կորստի բեռը, ուստի հատկապես պետք է բացառել քաղաքացու հաշվին բիզնեսի կողմից հավելյալ շահույթ կորզելու երևույթը:  
 
Զուգահեռաբար՝ մեր քաղաքացիներին հորդորում ենք.

  1. հետևել Պարետատան և առողջապահության համակարգի բոլոր պահանջներին ու հորդորներին,
  2. ինքնակազմակերպվել և առանց խուճապի ինքնուրույն կերպով կատարել վարակից խուսափելու համար անհրաժեշտ քայլեր, մասնավորապես՝
  • խստորեն պահպանել հիգիենայի և սոցիալական հեռավորության կանոնները,
  • մնալ տանը և տնից դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում,
  • օգնել կարիքավորներին,
  • սուպերմարկետներում և առևտրի մյուս օբյեկտներում բացառել կուտակումները, հարկ եղած դեպքում սպասել դրսում,
  • չօգտվել երթուղային տաքսիներից և այլն:

 
Ասվածից զատ՝ գերկարևոր է մարդ լինելու և մարդ մնալու պարագան: Հատկապես ուշադիր ու հոգատար պետք է լինենք հիվանդացածների և նրանց հարազատների հանդեպ, կանխենք ու դատապարտենք նրանց նկատմամբ մեղադրական, ծաղրական կամ արժանապատվությունը նվաստացնող որևէ արարք:
 
Մեր ժողովուրդը շատ ավելի ծանր փորձություններ է հաղթահարել և միշտ մնացել է իր բարձունքի վրա: Այս փորձությունն էլ կհաղթահարենք և դրանից դուրս կգանք ավելի կոփված, ուժեղացած ու իմաստնացած:
 
«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարություն