Բացել լրահոսը Փակել լրահոսը
cognac_1600-1240x696
A A
Պաշտոնական

Կոնյակի արտահանման ծավալներն ավելացել են

Ավելացել են կոնյակի արտահանման ծավալները, կոնյակի շրջանառության ոլորտն ունի բարձր կենտրոնացվածություն, հնարավոր են անբարեխիղճ մրցակցության գործողություններ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հրապարակել է կոնյակի շրջանառության ոլորտում իրականացված ուսումնասիրության արդյունքները: 

Ըստ այդմ, 2019 թվականի հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում Հայաստան է ներմուծվել 725 լիտր կոնյակ (100% սպ.) և 2,323,056 լիտր կոնյակի սպիրտ (100% սպ.):  Կոնյակի ներմուծման ծավալները 2018 թվականի նույն ժամանակահատվածի նկատմամբ կրճատվել են 27 %-ով, կոնյակի սպիրտի ներմուծման ծավալներն ավելացել են շուրջ 55 %-ով: 

2019 թվականի հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում կոնյակի ներմուծման ամենամեծ մասնաբաժինն ունեցող երեք ընկերություններ են «ՍԱՐԳԻՍ ԿԱՐՈԼԻՆԱ», «ԷՅ ԴԻ ԷՖ ՇՈՓՍ» ՓԲ և «ԱԼՖԱ ՖՈւԴ ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ները, որոնց ընդհանուր մասնաբաժինը կոնյակի ներմուծման մեջ կազմել է 90 %, 2018 թվականին՝ «ՍԱՐԳԻՍ ԿԱՐՈԼԻՆԱ» ՍՊ, «ԷՅ ԴԻ ԷՖ ՇՈՓՍ»  ՓԲ և «ԱՐՏԷՔՍԻՄ» ՍՊ ընկերությունները, որոնց ընդհանուր մասնաբաժինը կոնյակի ներմուծման մեջ կազմել է 86 %: 

2019 թվականի հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում կոնյակի սպիրտի առաջին երկու խոշոր ներմուծողներն են եղել «ԲԱԳՐԱՏ ԳՐՈՒՊ» ՍՊ և «ԱՐՏԱՇԱՏ ՎԻՆԿՈՆ» ՓԲ ընկերությունները, որոնք ներմուծել են կոնյակի սպիրտի ընդհանուր ծավալների շուրջ 90 %-ը, 2018 թվականին կոնյակի սպիրտի ներմուծման մեջ ամենամեծ տեսակարար կշիռն ունեցել են «ՎԵԴԻ ԱԼԿՈ», «ԱՐՏԱՇԱՏ ՎԻՆԿՈՆ» ՓԲ և «ՊՌՈՇՅԱՆԻ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՍՊ ընկերությունները` ընդհանուր 71 %: 

2019 թվականի առաջին կիսամյակի ընթացքում 21 ընկերությունների կողմից արտադրվել է 5,220,793 լիտր (100% սպ.) կոնյակ: Կոնյակ արտադրող առաջին երեք խոշոր ընկերություններն են «ԵՐԵՎԱՆԻ ԱՐԱՐԱՏ ԿՈՆՅԱԿԻ-ԳԻՆՈՒ-ՕՂՈՒ ԿՈՄԲԻՆԱՏ» ԲԲԸ-ն, «ԵՐԵՎԱՆԻ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՓԲԸ-ն և «ՊՌՈՇՅԱՆԻ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՍՊԸ-ն, որոնց ընդհանուր մասնաբաժինը կոնյակի արտադրության մեջ կազմել է 62 %՝ 2018-ի 68 %-ի փոխարեն: Նշված ընկերությունները նաև առավել խոշոր կոնյակ արտահանողների եռյակում են, որոնց մասնաբաժինների գումարը 2019 թվականի տասն ամիսների ընթացքում կազմել է 45 %՝ 2018-ի 52%-ի դիմաց: 

Ընդհանուր առմամբ  2019 թվականի տասն ամիսների ընթացքում 38 ընկերությունների կողմից արտահանվել է շուրջ 12 մլն լիտր կոնյակ (100% սպ.), իսկ 2018 թվականի նույն ժամանակահատվածի ընթացքում 33 ընկերությունների կողմից արտահանվել էր շուրջ 9 մլն լիտր կոնյակ (100% սպ.):  Այսինքն՝ կոնյակի արտահանման ծավալներն աճել են 37 տոկոսով՝ միաժամանակ գերազանցելով նաև 2018 թվականի ամբողջ տարվա ցուցանիշը (11 մլն լիտր): 

Նույն ժամանակահատվածում 14 ընկերությունների կողմից արտահանվել է շուրջ 12 մլն լիտր կոնյակի սպիրտ (100% սպ.), ինչը հավասար է 2018 թվականի ամբողջ տարվա ընթացքում արտահանված կոնյակի սպիրտի ծավալներին: 

Հանձնաժողովը հաշվարկել է նաև 1 լիտր կոնյակի ստացման համար անհրաժեշտ նյութածախսը: Հատկանշական է, որ տնտեսվարող սուբյեկտների կողմից ներկայացված տեղեկատվության ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ մի շարք դեպքերում 3 տարվա հնացման 0,5 լիտր տարողությամբ կոնյակի նյութածախսը զգալիորեն տարբերվել է Հանձնաժողովի կողմից հաշվարկված ցուցանիշից, ինչը կարող է վկայել հնարավոր անբարեխիղճ գործողությունների մասին:

Հանձնաժողովն արձանագրել է, որ թեև կոնյակի շրջանառության ոլորտը համարվում է բարձր կենտրոնացվածություն ունեցող, այդուհանդերձ, շուկայի կենտրոնացվածության մակարդակը գնահատող որոշ ինդեքսների արժեքները կրճատվել են:

Ուսումնասիրության շրջանակում Հանձնաժողովի կողմից իրականացվել է նաև կոնյակ արտադրող տնտեսվարող սուբյեկտների կողմից պահեստավորված կոնյակի սպիրտի պաշարների գույքագրում, ինչպես նաև դիտարկվել է 2019 թվականի մթերման գործընթացը: Հարկ է նշել, որ ուսումնասիրության արդյունքում մթերում իրականացնող տնտեսվարող սուբյեկտները ճշգրտել են իրենց կողմից լիազոր պետական մարմնին տրամադրված ցուցանիշները:


ՀՀ  տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով