Բացել լրահոսը Փակել լրահոսը
FB_IMG_1584608903126
A A
Հասարակություն

Ինֆորմացիոն «կարանտինի» մասին պետք է մտածի պետությունը․ հոգեբան

Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակն ու լարվածությունը կարո՞ղ է նաեւ հոգեբանորեն ազդել մարդու վրա։

Այս առնչությամբ «Ա1+»-ը զրուցել է ԵՊՀ Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի Ընդհանուր հոգեբանության ամբիոնի դոցենտ, «ՈԳԵՇՆՉՈՒՄ հոգեբանական արվեստանոց» հասարակական կազմակերպության համահիմնադիր, հոգեբան Հրաչյա Հովհաննիսյանի հետ։

Պարո՛ն Հովհաննիսյան, Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս են զգում և հոգեբանական ի՞նչ վիճակում են հայտնվում կորոնավիրուսի կամ ընդհանրապես հիվանդությունների պատճառով ինքնամեկուսացած, մեկուսացված մարդիկ։

Դեռևս վտանգավոր բան տեղի չի ունենում, սակայն ժամանակի ընթացքում սա իր հետքն անպայման թողնելու է։ Երբ մարդը մեկուսացվում է, մանավանդ կողքից հորդորներով, մարդու մոտ կարող է ներքին զգացողություն առաջանալ. միայնակության զգացողություն, անօգնականության, անօգտակարության զգացողություններ։ Սա աստիճանաբար է առաջանում։ Ես կարծում եմ, որ 1-3 ամիս հետո կարող են առաջանալ տարբեր տեսակի նյարդահոգեկան խանգարումներ՝ կպչուն մտքերի, տագնապային խանգարումների ու դեպրեսիվ վիճակների տեսքով։ Փորձը ցույց է տալիս, որ նման իրավիճակների հետևանքով կտրուկ աճում է ինքնասպանությունների թիվը՝ հատկապես այն անձանց շրջանում, ովքեր ունեն սուիցիդալ հող կամ երբևէ դրսևորել են աուտոագրեսիվ վարք, սա կարող է նպաստավոր գործոն լինել։ Սոցիալական կողմով մի քիչ դժվարանում եմ ասել, որովհետև այս դեպքում մշակութային և ազգային գործոններն էլ իրենց դերակատարությունն ունեն։ Այսօրվա իմ ունեցած տվյալները չեն բավարարում, որպեսզի արժանահավատ կանխատեսումներ անեմ։ Սակայն կարծում եմ, մեր ազգը մի քիչ ավելի պինդ է, քան եվրոպացիները։ Բայց իզոլացիան (թեկուզ ոչ բանտարկված), այն գիտակցությունը, որ ինչ-որ պարտավորվածություն ունեն սահմանափակելու իրենց շարժը, արդեն սթրեսածին է։ Հիմա մեծամասամբ անձի հոգեբանական պաշտպանական մեխանիզմներն են գործում, ամենաշատ տարածվածը հումորի պաշտպանական մեխանիզմն է, նաև՝ ինտելեկտուալիզացիան, ռացիոնալիզացիան, այսինքն՝ մարդիկ բացատրություն են փնտրում, ինչ-որ բաներ են գրում, հավաքում, ներկայացնում՝ ակամա թուլացնելով ինֆորմացիոն սթրեսի հուզական լարվածությունը։ Ինչ վերաբերում է կորոնավիրուսին՝ ես հատուկ չեմ առանձնացնում որևէ վիրուս, բոլոր վտանգավոր վիրուսներից է պետք պաշտպանվել։ 

Այսօր  մարդիկ կենտրոնացած են կորոնավիրուսի վրա՝ մոռանալով, որ այլ հիվանդությունների վտանգները պակաս չեն։ Ասեմ ավելին մեծանում է հավանականությունը մոտ ապագայում փսիխոսոմատիկ բնույթի խանգարումների առաջացման համար։ Ի՞նչ է դա նշանակում. երբ որ մարդու բացասական մտքերն ու զգացողությունները կարող են բերել նաև որոշակի մարմնական խանգարումների։ Այսինքն՝ հոգեկանից անցնի մարմնականի. դա հոգեդինամիկայում կոչվում է կոնվերսիա, ժողովրդական լեզվով ասած՝ «ջանից դուրս գալը»։ Թույլ տեղերից է հիմնականում դուրս գալու, ու ամենայն հավանականությամբ կարտահայտվի հենց շնչառական ուղիների և թոքերի հետ կապված հիվանդություններով։ Տագնապայնության տևականորեն բարձր աստիճանը կարող է թուլացնել նաև մարդու իմունիտետը։ Այս պարագայում, ինֆորմացիոն այսպիսի հորձանուտը, պատերի ներսում մնալը, առօրյայի կտրուկ փոփոխությունը և այլն։ Մարդկանց ինֆորմացիոն դաշտը կարծես վերածվել է մի խողովակի, որի միջով են նայում ամեն ինչին։ Բայց հիշենք, որ մինչ այս ամենը բազմազան էր մեր ինֆորմացիան՝ ճիշտ, սուտ, կեղծ, իրական։ Հիմա, կարծես թե, ամեն ինչ, արգելափակված է, մարդիկ իրենք իրենց արգելափակել են, ոչ միայն իզոլացվել են ֆիզիկապես, այլ նաև ինֆորմացիոն իզոլացիայի կամ տեղեկատվական մեկուսացման մեջ են։ Օրինակ՝ վերջին անգամ ե՞րբ եք լսել Սիրիայի դեպքերի մասին, Աֆղանստանի, Ամերիկայի և մնացած դեպքերի, կինոների հետ կապված թեմաների մասին և այլն, որոնք մինչ այս մեկուսացումը մշտապես մեր տեղեկատվական դաշտում էին․․․ Այդ ամեն ինչը մի տեսակ փակվել է, կորոնավիրուսի հետ կապված ինֆորմացիան այնքան խիտ է, գերհագեցած, որ ինֆորմացիոն բազմազանությունը հիմա չկա (բազմազան ինֆորմացիան սկզբունքորեն պիտանի էր) չկա, այդ բազմազանությունը, կարծես թե, մարդու առօրյայում չկա։ Խուճապ չեմ ցանկանում սրան անվանել, բայց սրան կանվանեմ դեստրուկտիվ, ավերիչ, քայքայիչ ինֆորմացիոն դաշտ, որը մարդու ինֆորմացիոն դատարկ տեղերը լցնում է «նպատակային նյութով», բայց իրականում դատարկությունը խորացնում է։ Երկու-երեք շաբաթվա ընթացքում սա կարող է խանգարել մարդկանց՝ հետո հարմարվելու ինֆորմացիոն դաշտի իրավիճակին։

 

Իտալիայից վերադարձած էջմիածնեցի կնոջ թիրախավորումն ի՞նչ վիճակ կարող էր ստեղծել հենց իր մոտ։ Ի՞նչ պետք է անեն թե՛ իշխանությունները, թե՛ հանրությունը, որպեսզի Ձեր նշած հոգեբանական ծանր իրավիճակներից զերծ մնանք։

Էջմիածնեցի կինն անձնավորված չէ, պարզ է, որ սոցիալական պատասխանատվություն և այլն, և այլն, ես դրան չեմ անդրադառնա հիմա։ Բայց պրոյեկցիա է տեղի ունենում, ոնցոր «քավության նոխազի» նման մի բան։ Հիմա, որ նայենք, քանակ չասեմ, բայց մարդիկ նույնկերպ են վարվում, ինչպես այդ կինն է վարվել։ Ոչ մի էական տարբերություն չկա. շատ մարդիկ նույն բան են անում, ինչը որ այդ կինը։ Պետք չէ թիրախավորել որևէ անձի, մանավանդ անուն-ազգանունով, անձնավորված, առավել ևս՝ վիրավորական արտահայտություններով։ Ես, իհարկե, հասկանում եմ, որ մարդկանց շրջանում կա վախ և զայրույթ։ Կինը գիտի, որ մարդիկ հումորներ են անում, և որ դա իրեն չի վերաբերում։ Բայց դուք պատկերացրեք. նրան անընդհատ ինֆորմացիա է հասնում, որ ինքը քննարկվում է։ Այդ կինը և իրեն շրջապատող մարդիկ բացասական լիցքեր են ստանում։ Ես չգիտեմ՝ ինչպես սահմանափակել սոցկայքերում մեկանաբանությունները, բայց պետք է ինչ-որ կերպ սահմանափակվի, գոնե, այս արտակարգ դրության ժամանակահատվածի համար։

Ավարտից հետո ինքնամեկուսացածների, մեկուսացվածների, կորոնավիրուսով վարակվածների, ինչպես նաև նրանց խնամող բժիշկների հետ հոգեբանական ի՞նչ աշխատանքներ պետք է արվեն։

Արտակարգ դրություն հայտարարելուց մեկ օր առաջ «ՈԳԵՇՆՉՈՒՄ հոգեբանական արվեստանոց» հասարակական կազմակերպությունը նախաձեռնությամբ հանդես եկավ իր ֆեյսբուքյան էջում որ մեր մասնագետները պատրաստ են անվճար, հեռահար օգնություն ցուցաբերել մեկուսացված կամ բուժվող անձանց և բուժաշխատողներին։ Այս պահին հինգ մասնագետ միացել է նախաձեռնությանը։ Անընդհատ կարող են զանգել, հոգեբանական խորհրդատվություն ստանալ, իրենց հետ կաշխատենք։ Երբ որ արտակարգ դրությունից դուրս գանք, արդեն, դժվար թե, կարողանանք բոլորի հետ աշխատելորովհետև ավելի շատ են լինելու, քան այս պահին գրանցված են։ Կարող եմ ասել, որ հոգեբանների աշխատանքը բավականին լուրջ է լինելու 1-3 ամիս հետո։ Արտակարգ դրությունից հետո է շատ ավելի լինելու հոգեբանների օգնության կարիքը։ Հոգեբանական կենտրոնների, հոգեկան առողջության կենտրոնի մասնագետները պետք է նախապատրաստվեն դրան, ինչպես որ պետք էր նախապատրաստվել համաճարակի մարտհրավերին, հիմա պետք է նախապատրաստվել նաև դրա հոգեբանական հետևանքների վերացմանը։ Կարծում եմ, որ սա էլ պետք է հասնի իշխանություններին, որ ինչ-որ կերպ հոգեբանական կենտրոնների հետ համագործակցեն։ Ինֆորմացիոն կարանտինի մասին պետք է մտածի պետությունը։ Նաև Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետները պետք է ինչ-որ բան մտածեն այս ուղղությամբ՝ գոնե մինչև արտակարգ դրության ավարտը։

Ինֆորմացիոն կարանտինից հետո, թող, յուրաքանչյուրն իր կարծիքը արտահայտի, բայց արտակարգ դրության պայմաններում պետք է մտցվի ինֆորմացիոն կարանտինը, քանի որ այս շրջանում այսպես, թե այնպես մարդու Սահմանդրական իրավունքների ինչ-որ սահմանափակումներ կան։ Ճիշտ է, հրահանգված է, որ չտարածեն այն ինֆորմացիաները, որոնք չեն համապատասխանում պաշտոնականին, բայց դա քիչ է։ Կարելի է խորհուրդ տալ ժողովրդին ուղղակի տարբեր բաներով լցնել իրենց առօրյան թող երաժշտություն լսեն, գիրք կարդան, ֆիլմեր դիտեն, հեռախոսներով իրենց հարազատների հետ շփվեն, միայն թե այդ բացասական տեղեկատվական հորձանուտը մի քիչ թուլանա։ Ինֆորմացիոն անվտանգության ներկայացուցիչները պետք է հոգ տանեն այդ մասին։ Իմ սերնդակիցների և մեծերի մեծ մասը 90-ականներ է տեսել, տհաճությամբ է նայում այս երևույթին։ Բայց ես մի տենդենց եմ նկատում, որ ջահելների մեծ մասն այս իրավիճակին «թամաշա» է անում կա ինտրիգ, «հլը մի հատ թող արտակարգ դրություն հայտարարեն», դիմակներով ման գան, նոր մոդա, նոր տրենդներ, նոր իմիջային վիճակներ և այլն։ Բայց մեզ համար տհաճ է, մենք տեսել ենք դրանք, այն ժամանակ էլ համաճարակներ կային։ Իհարկե, հիմնականում տեխնիկական պատճառներով լրահոս կամ տվյալների այսպիսի հեղեղ չկար, հիվանդ, սոված, ընկած, հուսահատված մարդիկ կային, մենք տեսել ենք դա։ Մեծահասակների համար տհաճ է, բայց ջահելների մեջ շատ եմ նկատել՝ կարծես թե, հաճույք են ստանում այս վիճակից։ Ի վերջո, իմ ծանոթների շրջապատում ինքնամեկուսացման հետևանքով առաջացած հոգեբանական շեղումներ առայժմ չեմ նկատել։