Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Կորոնավիրուսի ևս 7 դեպք է գրանցվել, ընդհանուր թիվը` 122․ նախարար (տեսանյութ)

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Կառավարությունում հրավիրված ասուլիսին հայտնեց, որ կորոնավիրուսի ևս 7 հաստատված դեպք է գրացվել, այդպիսով` ընդհանուր թիվը 122-ն է։

«Նոր դեպքերը կապված են արտադրամասում եղած օջախի հետ։ Այսինքն՝ ի սկզբանե մեր տեսադաշտում են եղել։ Դա իրավիճակն ինչ-որ չափով լավացնում է, բայց ոչ ամբողջությամբ, որովհետև սպասում ենք, որ ամեն դեպքում, արտադրամասից ախտորոշված պացիենտների թիվը շատանալու է՝ կապված դրա մեծության և աշխատանքների կազմակերպման բնույթի հետ», - նշեց պարոն Թորոսյանը։

Նա հավելեց, որ պացիենտների կյանքին վտանգ չի սպառնում, նրանք մեծամասամբ չեն ջերմում։

Անդրադառնալով աշխարհում տիրող իրավիճակին՝ Արսեն Թորոսյանը նկատեց, թե Իտալիայում մահվան դեպքերը աճում են, նույնիսկ սպասելի է, որ դրանք կանցնեն Չինաստանին։

«Նայելով բաշխվածությանը՝ տեսնում ենք, որ հիմնականում մահերի կտրուկ աճը սկսվում է 70 և 75 տարեկանից։ Մահերի միջին տարիքը 79, 4 տարեկան է, որոնց մեծ մասը տղամարդիկ են՝ 72 տոկոսը։ Հիմնական պատճառը տղամարդկանց կենսաձեւն է ու կողքից եղած հիվանդությունների մեծ թիվը՝ թոքի, սրտի հիվանդությունները, շաքարային դիաբետը և այլն»,- ընդգծեց Արսեն Թորոսյանը։