Բացել լրահոսը Փակել լրահոսը
Դավիթ Խաժակյան
A A
Քաղաքականություն

«Որքան սիրում եմ Վահե Նիկոյանին և Տարոն Մարգարյանին, այդքան էլ Ձեզ եմ սիրում». Խաժակյանը՝ Մարությանին (տեսանյութ)

Երևանի  ավագանու նիստի ընթացքում «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, անդրադառնալով այս օրերին իրականցվող ասֆալտապատման աշխատանքներին, բարձրաձայնեց, որ հետևել է գնումների գործընթացին և պարզել, որ մրցույթ հայտարարված չէ, բայց ինչ-որ կազմակերպություններ իրականացնում են ասֆալտապատում:

Խաժակյանը ասաց՝ գուցե արդեն նախապես հայտնի՞ է՝ որ կազմակերպությունն է հաղթելու մրցույթում, և աշխատանքները արդեն սկսել է:

Այս ակնարկը բարկացրեց քաղաքապետին, վերջինս ի պատասխան՝ արձագանքեց.

«Այդպիսի բաներ տեղի էր ունենում Ձեր կողմից շատ սիրված Վահե Նիկոյանի և Տարոն Մարգարյանի ժամանակ և այլ տարբեր քաղաքապետերի և փոխքաղաքապետերի ժամանակ, դրա համար Ձեր մտքով անցնում է, հիմա այդպիսի բաներ չեն կարող կատարվել, միգուցե Դուք կուզենայիք լինել քաղաքապետ և այդպիսի բաներ կատարել, բայց քանի ես եմ քաղաքապետը, այդպիսի բաներ չի կարող կատարվել»:

Խաժակյանն էլ կարճ արձագանքեց՝ «Ուրեմն անտեղյակ եք»:

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը այս մասով մանրամասնեց՝ քանի որ նախորդ տարի գնումների գործընթացի հետ կապված ասֆալտապատման աշխատանքներն ուշացան, որոշում կայացվեց, որ ամեն տարի իրականցվի նախորդ տարվա գնումնները:

Վստահեցրեց՝ ասֆալտապատման հետ կապված մրցույթը հայտարարվել է 2019 թվականին, և աշխատանքները կատարվել են բյուջեի հաստատումից հետո:

Խաժակյանը պարզաբանումների մասով չհակադարձեց, փոխարենը քաղաքապետին հորդորեց որևէ մեկի նկատմամբ խանդով չլցվել.

«Ես որքան սիրում եմ Վահե Նիկոյանին և Տարոն Մարգարյանին, այդքան էլ Ձեզ եմ սիրում, խնդրում եմ որևէ մեկի նկատմամբ խանդով չվերաբերվեք, հանրությունը և Դուք, կարծում եմ, գիտեք՝ ես որքան եմ Ձեզ համակրում, և այս մասով, երբ Դուք համեմատվում եք, միշտ իմացեք, որ ես հարթությունները համաչափ եմ դնում»:

Խաժակյանը Մարությանի աշխատանքը գնահատեց անբավարար։ Մարությանն արձագանքեց։

«Հավատացնում եմ՝ ինձ շատ սիրողներ կան, Ձեր սերն ինձ պետք չի: Դուք կարող եք սիրել պարոն Մարգարյանին, Վահե Նիկոյանին և այլ հետաքրքիր անձնավորությունների»: