Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նիկոլ Փաշինյան
A A
Քաղաքականություն

Բիզնեսին աջակցելու համար մոտ 25 մլրդ դրամի փաթեթ կգործարկենք․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի մեկնարկին դիմեց Կառավարության անդամներին։ Վարչապետը հույս հայտնեց, որ բոլորը վճռական են տրամադրված, և ճգնաժամից հայ ժողովուրդն ավելի ուժեղացած պիտի դուրս գա։

Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ երեկ գործադիրում քննարկվել է հակաճգնաժամային տնտեսական ռազմավարությունը։ «Մեր որոշումը միանշանակ է։ Մենք մեր առաջ խնդիր չենք դրել ու չենք դնելու՝ վերականգնել նախաճգնաժամային տնտեսական վիճակը, ինչքան էլ որ այն լավն էր Հայաստանում։ Մենք մեր առաջ խնդիր ենք դրել շատ ավելի մեծ ամբիցիաներով առաջնորդվել հետճգնաժամային վիճակի նկատմամբ դիրքավորվելիս»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Ըստ այդմ՝ այս ընթացքում Կառավարությունը պետք է իրագործի զարգացման ծրագրեր, կենտրոնանա բարեփոխումների օրակարգերի վրա, որոնք որդեգրել են, և լրջագույն աջակցություն ցուցաբերի տնտեսությանը։

«Իհարկե, հասկանալի է որ ճգնաժամը սոցիալական մարտահրավերներ է բերելու․ և մենք պիտի առերեսվենք և համարժեք քայլեր ձեռնարկենք։ Կարևոր է, որ այդ սոցիալական ծրագրերը իրականացնենք, լինեն արդյունավետ, հասցեական ու արդար»,- ընդգծեց գործադիրի ղեկավարը՝ հիշեցնելով, որ նախկինում ճգնաժամային շրջանի սոցիալական ծրագրերը կենտրոնանում էին մի քանի տեղերում, և դրա ֆոնի ներքո ստվերային հարստացման պրոցեսներ էին տեղի ունենում։

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ այս Կառավարությունը պետք է բացառի նման երևույթները։ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ բիզնեսին աջակցելու համար մոտ 25 մլրդ դրամի փաթեթ կգործարկեն, ևս 25 մլրդ դրամի սոցիալական աջակցության փաթեթ կունենան, որը կօգտագործվի ըստ անհրաժեշտության։

«80 մլրդ դրամի հիմնադրամ կունենանք, որը նպատակադրված կլինի տնտեսության վերաձևավորմանը՝ հետճգնաժամային ժամանակների պարամետրերին համապատասխան»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Բիզնեսի աջակցության ծրագիրը ներկայացրեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։