Բացել լրահոսը Փակել լրահոսը
maxresdefault (2)
A A
Քաղաքականություն

«Կխնդրեի՝ ցուցումներ չտայիք». հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց նախագծին

ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում էին «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծերը։ 

Օրենսդրական նախագծերի հեղինակներն են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Լենա Նազարյանը, Մերի Գալստյանն ու Վարազդատ Կարապետյանը։ 

Վերջիններս առաջարկում են 2 տարով դադարեցնել մետաղական հանքերի շահագործման նոր թույլտվությունների տրամադրումը։ 

 ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում նախագիծը ներկայացրեց  Մերի Գալստյանը:

Պատգամավորը հստակեցրեց՝ նախագիծը չի վերաբերում այն տնտեսվարողներին, որոնք արդեն իսկ ունեն իրավունք կամ մինչև օրենքի ընդունման պահը արդեն իսկ դիմել են թույլտվություն ստանալու համար:

«Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանը Մերի Գալստյանից հետաքրքրվեց՝ ինչո՞վ է պայմանավորված  հարցի հրատապությունը, քանի որ իր դիտարկումներով հարցը հրատապություն չունի, քանի որ այսօր պայմանավորված արտակարգ ռեժիմով բոլոր ոլորտներում կտրուկ նվազումներ են լինում:

Սարգսյանը հետաքրքրվեց՝ արդյո՞ք պատրասվում են հետ կանչել նախագիծը ստեղծված տնտեսական անկայուն վիճակում։

Գալստյանը նշեց՝ նախագծի հրատապությունը  պայմանավորված է նրանով, ներկայիս ոլորտի օրենսդրությունը խոցելի է դարձնում պետությանը։

Սարգսյանը պնդեց, որ եթե հետ չկանչվի նախագիծը, ինքն անձամբ դեմ է քվեարկելու։ 

Պատգամավորի խոսքով՝ ավելի արդյունավետ կլիներ օրենսդրական դաշտը բարեփոխելու քննարկումներ անցկացնել։

Ի պատասխան՝ Մերի Գալստյանը արձագանքեց, որ նախագիծը հետ չի կանչելու, քանի որ չափազանց կարևորում է:

«Ես կխնդրեի, որպեսզի ցուցումներ չտայիք, թե ինչ ճիշտ կլիներ, որ ես անեի նախորդ ամսիների ընթացքում»:

Հանձնաժողովի անդամները հետաքրքրվեցին նաև, թե արդյոք ժամանակավոր դադարը չի՞ վնասի մեր երկրի տնտեսությանը, ինչպես նաև ներդրումային հեռանկարին, Գալստյանը վստահեցրեց, որ բացասական հետևանքներ չեն լինելու։

Ասաց նաեւ՝ առաջարկում են միայն  2 տարի դադար վերցնել, օրենսդրությունը նորոգել ու երկու տարի հետո միայն աշխատել նոր կանոններով:

ՀՀ տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը, ներկայացնելով նախագծի վերաբերյալ Կառավարության դիրքորոշումը, նշեց,որ տվյալ նախագիծը ենթադրում է Սահմանդրության որոշ կետերի հակասություն և այս և  մի շարք այլ պատճառներով Կառավարության եզրակացությունը բացասական է:

Կառավարության ներկայացուցիչը նաև նշեց, որ սա կարող է վնասել կանխատեսելի ներդրումային դաշտ ստեղծելու Կառավարության քաղաքականությանը:

Բացի այդ, նրա խոսքով՝ պետությունը չի կարող իրեն թույլ տալ 2 տարի շարունակ դադարեցնել տնտեսության այս կարևոր ճյուղի գործունեությունը։

«10 տարի առնվազն տվյալ ոլորտը հետքայլ է կատարում»,-նշեց փոխնախարարը:

Քննարկումների արդյունքում հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց առաջարկված նախագծին։