Բացել լրահոսը Փակել լրահոսը
unnamed (3)
A A
Պաշտոնական

«Սասնա ծռերը» դիմում է Արտակարգ դրության պարետին

«Սասնա Ծռեր» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Այսօր՝ 2020 թ. մարտի 18-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում նշանակված էր Սասնա Ծռերի ապստամբության գործով խեղկատակ դատավարության հերթական դատական նիստ:

Ազգային դավաճանության և բռնապետության դեմ ապստամբած խմբի՝ ազատության մեջ գտնվող անդամները, հաշվի առնելով երկրում համաճարակի պատճառով հայտարարված արտակարգ դրությունը և դրսևորելով քաղաքացիական ու սոցիալական պատասխանատվություն, չեն ներկայացել դատական նիստին:

Նրանք ողջամիտ կերպով ենթադրել են, որ համաճարակային իրավիճակի և արտակարգ դրության օբյեկտիվ հանգամանքերը պետք է առանց այլևայլության հիմք դառնային նույնիսկ բռնապետությունից մեզ որպես բացասական ժառանգություն մնացած դատարան կոչվող կառույցի համար, որպեսզի վերջինս հետաձգեր նիստը մինչև արտակարգ դրության ավարտը:

Մինչդեռ դատարանը ոչ միայն նիստ է արել, այլև համաճարակի պայմաններում հանձնարարել է ապստամբերի խմբի՝ անազատության մեջ գտնվող անդամներ Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին տասնյակ ուղեկցողներով հանել քրեակատարողական հիմնարկից և բերել դատարան՝ ստեղծելով նրանց վարակելու և վարակը նրանց միջոցով քրեակատարողական հիմնարկ փոխանցելու գերնպաստավոր պայմաններ:

Տեղի ունեցածի առթիվ դիմում ենք Արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանին.

1. միջոցներ ձեռնարկել նման երևույթի կրկնությունը բացառելու և մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու համար,

2. հանձնարարել թեսթավորման ենթարկելու դատավորին, դատական նիստին ներկա եղած մյուս անձանց, այդ թվում՝ Արմեն Բիլյանին ու Սմբատ Բարսեղյանին, ինչպես նաև նրանց ուղեկցած անձանց,

3. միջոցներ ձեռնարկել Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի խափանման միջոցները մեղադրանքի կողմի միջնորդությամբ փոփոխելու, այնուհետև՝ Սասնա Ծռերի գործով ապօրինի դատավարությունը նախկին ազգադավ ու բռնապետական ռեժիմի հրահանգով կազմած բովանդակությամբ քննելու ընթացքից հանելու և իրավունքի գերակայության ընթացքի մեջ դիտարկելու ուղղությամբ:

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարություն»։