Քլոր, թե՞ սպիրտ․ համաճարակաբանի խորհուրդը
Աջակցիր «Ա1+»-ինԱրտակարգ դրություն հայտարարելն ու նոր կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի ավելացումը բուժհաստատությունների աշխատանքն ավելի արտակարգ է դարձրել։
Համաճարակաբան Սյուզաննա Մելիջանյանն աշխատում է «Բեսթ լայֆ» բժշկական կենտրոնում։ Նա «Ա1+»-ի հետ զրույցում ասաց, որ հնարավորինս փորձել են մեկուսացնել հիվանդներին՝ զերծ պահելով դրսի շփումներից:
«Կլինիկայում , պացիենտների շահերից ելնելով, խիստ նվազեցվել են այցելությունները»,- ասաց նա։
Կենտրոն հետազոտության նպատակով դիմած պացիենտներին մուտքի մոտ տրամադրվում է դիմակ, կատարվում է ձեռքերի ախտահանում, ջերմաչափում։
«Հոսպիտալացվող հիվանդներից պարտադիր ճշտում է արվում՝ վերջին 14 օրվա ընթացքում արդյո՞ք Հայաստանից բացակայել են, և եթե այո, ապա, ո՞ր երկրներում են եղել, ինչպես նաև ունեցե՞լ են արդյոք շփում նոր կորոնավիրուսով վարակվածի հետ»,-ասաց մասնագետը:
Արդյո՞ք պետք է դիմակ կրել մշտապես։
«Այն անհրաժեշտ է կրել, երբ շփվում ես հիվանդի հետ, երբ ինքդ հիվանդ ես կամ հասարակական վայր ես այցելում: Դիմակը չի կանխում վարակի փոխանցման հավանականությունը, սակայն ինչ-որ չափով նվազեցում է փոխանցման ռիսկերը»,-ասաց նա։
Հարցին, թե տնային պայմաններում ի՞նչ նյութերով քաղաքացիները իրականացնեն ախտահանում, համաճարակաբանն առաջարկեց մակերեսները ախտահանել քլոր պարունակող նյութերով:
Նա որպես կանխարգելիչ միջոցառում, խորհուրդ է տալիս հաճախ օդափոխել փակ տարածքները, պահպանել հիգիենան, խուսափել շնչառական վարակներով անձանց հետ շփումից, գրիպանման երևույթների առկայության դեպքում դիմել բժշկի :
Նաև վստահեցնում է՝ եթե մենք կատարենք բոլոր անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումները, բավականին լավ արդյունք կլինի ոչ միայն այս հիվանդության դեպքերի նվազման առումով: