Բացել լրահոսը Փակել լրահոսը
1
A A
Հասարակություն

Գնացքով Գյումրի մեկնողների մի մասը՝ առանց դիմակների

Երեւանից Գյումրի՝ գնացքով։ «Ա1+»-ի թղթակիցը փորձել է հասկանալ՝  ինչ կանխարգելիչ  միջոցառումներ են իրականացվում երկաթուղիում։ Աշխատակիցները վստահեցրել են՝ «Հարավկովկասյան երկաթուղի»ընկերությունում ձեռնարկվում են կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված առաջնահերթ միջոցառումներ։

Աշխատակիցների խոսքով` ուղևորների հետ աշխատող անձնակազմը՝ տոմսավաճառները, ուղեկցորդները, կայարանների հերթապահները, մեքենավարները, ապահոված են բժշկական դիմակներով, ձեռնոցներով և ախտահանիչ նյութերով։

Կայարանների տարածքները սիստեմատիկ օդափոխվում են և ախտահանվում հատուկ միջոցներով` քլորով ու սպիրտով։

«Մեզ ղեկավարությունը պարտադրում է կրել ձեռնոցներ ու դիմակներ, ինչպես նաև անընդհատ ախտահանել ձեռքերը»,-ասաց աշխատողներից  մեկը։

Գնացք նստելիս ուղևորների հետ աշխատող անձնակազմի  ջերմությունը չափվեց, իսկ ուղևորներինը` ոչ։

Երևան-Գյումրի գնացքի ուղևորների մի մասը իրենց ձեռքի տակ ունեին ախտահանիչ միջոցներ և կրում էին դիմակներ ու ձեռնոցներ, իսկ մյուսները,որոնք կարխարգելիչ միջոցների չէին դիմել, ասում էին` վարչապետն ասել է` խուճապի չմատնվեք, ամեն ինչ լավ է լինելու։

Երեւանից Գյումրի գնացքը հասավ երեք ժամում։

Գնացքի ուղեկցորդը  նշեց, որ ուղևորների թիվը պակասել է․

«Ուղևորների հոսքը եռակի նվազել է։ Եթե սովորական օրերին ուղևորների մոտավոր թիվը կազմում էր 90-ից 100 հոգի, ապա երեկվա ու այսօրվա տվյալներով՝ ուղևորների թիվը հասնում է մոտ 40-ից 50-ի»:

Հիշեցնենք, որ մարտի 14-ից ՀԿԵ-ն կասեցրել է միջազգային ուղևորափոխադրումները։ Ընկերությունը վերադարձնում է տոմսերի արժեքները։ Իսկ ներհանրապետական էլեկտրագնացքը շարունակում է ամեն օր Երանից-Գյումրի և հակառակ ուղղությամբ 3 անգամ ուղևորափոխադրում իրականացնել։

Ի դեպ, ըստ պաշտոնական հաղորդագրության՝  Ընկերության  գլխավոր տնօրենի հանձնարարությամբ մարտի 17-ից ՀԿԵ վարչական շենք, դեպոներ, գծային տնտեսություններ մուտք գործելուց դիստանցիոն ստուգվելու է բոլոր աշխատողների ջերմությունը: Բարձր ջերմություն ունեցողներն ուղղվելու են բժշկական հետազոտության: