Սուպերմարկետները «չեն հավաքում-տանում»․ Բյուրեղավանի համայնքապետարանի մամուլի քարտուղար
Աջակցիր «Ա1+»-ինԲյուրեղավանի համայնքապետարանը անցել է արտակարգ ռեժիմով աշխատանքի։ «Ա1+»-ին վստահեցրեց Բյուրեղավանի համայնքապետարանի մամուլի քարտուղար Մերի Կարապետյանը։ Բյուրեղավան խոշորացված համայնքն ընդգրկում է Բյուրեղավան քաղաքը, Նուռնուս և Ջրաբեր գյուղերը։
Ըստ նրա՝ համայնքապետարանի աշխատակիցները հիմնականում առցանց են աշխատում՝ հատկապես ռիսկային գոտում գտնվողները։Բայց սպասարկման գրասենյակն աշխատում է, այնտեղ ախտահանող միջոցներ կան, աշխատակիցները դիմակով են։
Քաղաքացիները հրատապ հարցերի դեպքում կարող են նաև դիմել առցանց տարբերակով, որոնց արագ արձագանք է լինում։
«Խուճապ չկա քաղաքում, սուպերմարկետները «չեն հավաքում-տանում», համայնքապետարանի կողմից ցուցումներ են տրվել, որ հասարակական տրանսպորտի ախտահանվի։ «Աբովյան-Բյուրեղավան» տրանսպորտ ամեն օր քլորաջրով ախտահարում է, վարորդների սեփական նախաձեռնությամբ է իրականացվում, «Բյուրեղավան-Երևան» սպասարկող 258 համարի տրանսպորտի ախտահանումն իրականացվում է հենց Երևանում 2 օրը մեկ ըստ կարգի»,- շարունակեց Կարապետյանը։
«Քիչ հաճախականությամբ է աշխատում, նվազել է շարժը, որովհետև ուղևորները քիչ են»,- հավելեց նա՝ երթուղու մասին։
Դեղատներում դիմակների առկայության վերաբերյալ հարցին՝ Մերի Կարապետյանն ասաց, որ թիվը տատանվում է, քանի որ և՛ սպառվում է, և՛ համալրվում։
«Պոլիկլինիկայի տնօրենի հետ ավելի վաղ խոսել եմ, վարակվածության դեպք չունենք, ամեն ինչ հսկողության տակ է։ Չնայած որ մի քանի օր առաջ քաղաքացիներին հորդորում էինք տանից դուրս չգալ, տանը մնալ, շարժ կա։ Երեկվանից, որ արտակարգ դրություն է հայտարարվել, կրկին պահպանվում է այդ վիճակը»,- ընդգծեց նա։
Դիմակների գները, ըստ մամուլի խոսնակի, 200-250 դրամ է, միջին չափսի ալկոգելը երեկվա դրությամբ՝ 1800-1850 դրամ։ Ըստ Մերի Կարապետյանի՝ համայնքի ռեսուրսները բավականացնում են ախտահանման աշխատանքների համար, փողոցների լվացման աշխատանքները կատարելու է «Բարեկարգում և կանաչապատում» ՀՈԱԿ-ը (կումանալ ծառայությունը), իսկ վերելակներինը՝ համատիրությունները։
Համայնքում գործող մասնավոր ընկերությունները, փոքր արտադրամասերը չեն աշխատում, հացի փռերն աշխատում են։