Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տնտեսություն Պաշտոնական

Հակոբ Արշակյանը կոչ է անում վճարման առցանց ծառայություններից օգտվել (տեսանյութ)

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն այսօր Կառավարությունում հանդիպում է ունեցել հեռահաղորդակցության ոլորտի մեծ ընկերությունների հետ, և հավաստիացել է, որ տեխնիկական սպասարկման, հեռահաղորդակցության ապահովման թե՛ ինտերնետի, թե՛ բջջային ծառայությունների տեսանկյունից որևէ խնդիր չունենք։ 

«Այն խոցելի օղակները, որտեղ հնարավոր է որոշակի ռիսկեր, բացահայտված են, և այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվել։ Մենք հեռահաղորդակցության ոլորտում արտակարգ դրության հետ կապված որևէ խնդիր չենք ունենա»,- նշեց Հակոբ Արշակյանը։

Ըստ նախարարի՝ սահմանափակումներ կլինեն սպասարկման կենտրոններում, այնուամենայնիվ, կենտրոնական հատվածներում սպասարկող գրասենյակներ կգործեն։ Հակոբ Արշակյանի խոսքով՝ բոլոր օպերատորներն ունեն առցանց վճարման հնարավորություն։ Բացի այդ, կան նաև առցանց վճարման այլ տարբերակներ։

«Կոչ եմ անում, որպեսզի մենք օգտվենք վճարման առցանց ծառայություններից թե՛ հեռահաղորդակցության, թե՛ այլ ոլորտներում»,- նկատեց նա։

Նախարարը թվարկեց անկանխիկ գործարքներ կատարող որոշ կայքեր, որոնցից է օրինակ՝ «ArCa»-ն։ Փոստային բաժանմունքները կգործեն ըստ իրավիճակի, այս պահին ամբողջ ծավալով գործում են։

«Այնուամենայնիվ, որոշակի գործիքակազմ է կիրառված՝ կապված անվտանգության և կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար։ Մենք խնդրել ենք, որ փոստի գրասենյակներում կուտակումներ չլինեն, դրանցից խուսափելու համար որոշակի անհարմարություններ կարող են լինել։ Բաժանմունքում գտնվողների թիվը սահմանափակվելու է, կատարվելու է ախտահանում»,- ընդգծեց Հակոբ Արշակյանը։

Նախարարից հետաքրրքվեցին, թե այս օրերին նախընտրում են օնլայն գնումներ կատարել, արդյո՞ք ոլորտը վերահսկվում է, վստահելի՞ են նման ծառայություններ մատուցողները։

«Օնլայն տարբերակով գնումեր իրականացնելիս, քաղաքացիները կարողանում են գնահատականներ տալ։ Խորհուրդ կտամ, որ այդ գնահատականները կարդան։ Եթե հայկական կայքեր են, մեկնաբանություններում գրում են՝ սպասարկումից գոհ են, կամ դժգոհ են։ Ինչ վերաբերում է վճարային համակարգերին, ապա ես խնդրում եմ ուշադիր լինել, որպեսզի այն կայքը, որն ուղղորդում է վճարահաշվարկային համակարգը «Visa» քարտերով առևտուր անելիս, ուշադիր լինեն, որ այն որևէ բանկի կայք լինի»,- ասաց նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում։