Չպիտի լինի մեկը, ով խանութում վերցրել է 6 հաց և չի թողել՝ իր հարևանը վերցնի այն մնացած մի հացը. (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Արտակարգ դրությունը չի վերաբերում և չի միջամտում ԱԺ ընթացիկ աշխատանքներին»,-այս մասին ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը:
Միրզոյանը նաև արձանագրեց, որ մինչ այս պահը ԱԺ խմբակցություններից որևէ մեկը չի ներկայացրել նախագիծ արտակարգ դրության որևէ միջոցառման չեղարկման վերաբերյալ, ինչը նշանակում է, որ ԱԺ բոլոր խմբակցությունները իրենց աջակցությունն են հայտնում Կառավարության նախաձեռնած արտակարգ միջոցառումներին.
«Երևույթը, որում գտնվում ենք, մարդկության համար նոր չէ, սա ունի նույնիսկ գիտության մեջ իր հատուկ եզրույթը՝ սահմանային իրավիճակ, ասել է թե՝ ոչ ստանդարտ կամ ճգնաժամային իրավիճակ»:
Միրզոյանն ընդգծեց՝ այսպիսի իրավիճակներում լավագույնս են դրսևորվում մարդկանց կամ հանրույթի բնավորության գծերը, ցանկությունները, վարքագծերը.
«Կան հասարակություններ, որոնք սահմանային իրավիճակներոմ սարսափելի հատկանիշեր են դրսևորում, և կա ճիշտ հակառակը՝ կան մարդիկ, ովքեր սահմանային իրավիճակներում ցույց են տալիս՝ ինչպիսի մարդասեր, սիրալիր, վեհ կարող են լինել»:
Միրզոյանը նշեց, որ մեր հայրենիքի համար առաջին փորձությունը չէ, որ պիտի կրենք և վստահություն հայտնեց, որ անպայման հաղթահարելու ենք սա ևս.
«Կարևոր է ոչ միայն սերը, փոխօգնությունը, կարեկցանքը, կարգապահությունը, որովհետև այդ ամեն ինչից կախված են մարդկային կյանքեր, բայց նույնիսկ սա չէ ամենակարևորը: Կարևորը նա է, որ արտակարգ իրավիճակից հետո բացվելու է լուսաբացը, արտակարգ իրավիճակը և համաճարակը հաղթահարվելու են վստահաբար, բայց կարևոր է, թե այդ հաղթահարումից հետո մեզնից յուրաքանչյուրը ինչպես կնայի կողքինի աչքերին, չպիտի այդ օրը, երբ հաղթահարված կլինի, լինի մեկը ով խանութում վերցրել է 6 հատ հաց և չի թողել՝ իր հարևանը, որի տանը ևս երեխաներ կան, վերցնի այն մնացած մի հացը, սա է ամենակարևոր հարցը »,-ընդգծեց ԱԺ նախագահը: