Արմեն Թավադյանը՝ իր նկատմամբ առաջադրված մեղադրանքի մասին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«5-րդ ալիք» հեռուստաընկերության տնօրեն Հարություն Հարությունյանն ասում է՝ ամենասկզբից տեղյակ է եղել, որ հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի գործը շինծու է և կարվել է ՀՔԾ-ի կողմից, «որպեսզի դժվարացնեն մեր հեռուստաընկերության աշխատանքները»։
Հիշեցնենք, որ օրեր առաջ 5-րդ ալիքի սեփականատեր Արմեն Թավադյանը ազատ էր արձակվել ԱԱԾ մեկուսարանից:
Հարություն Հարությունյանը նշում է, որ 5-րդ ալիքի սեփականատերը կալանավորվել է , որպեսզի հեռուստաընկերության և լրագրողների աշխատանքը դժվարացնեն։
«Անցած 79 օրերը, Թավադյանը գտնվում էր կալանքի տակ, մեր հեռուսատընկերությունը, լրագրողները հանդիպում էին շատ ծանր օրերի: Նախատեսել էինք մարաթոն կազմակերպել, որպեսզի կարողանայինք մեր գործունեությունները շարունակել, բայց գործը դրան չհասավ»:
Արմեն Թավադյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը նշեց, որ իրենք բազմիցս ասել են, որ գործն ի սկզբանե շատ թերություններ ունի, և քրեական հետապնդման հիմքերը բացակայում են.
«Ավելի հետաքրքիր ստացվեց, որ ծանոթացանք գործի նյութերին, երբ տեսանք, թե ոստիակնության կողմից հրապարակված տեսանյութը ինչ տեսանյութերից է մոնտաժվել և տեսանք, որ տեսանյութերը իրականում հակառակ բանն են ապացուցում, ինչը անբարեխիղճ և պրոֆեսիոնալ մոնտաժի արդյունքում ներկայացվել է այլ կերպ: Այս հարցերին հետագա դատական նիստերի ընթացում կանդրադառնանք: Քրեական գործով առաջիկայում սպասվում են որոշակի զարգացումներ, և այսօր դատախազությունում պետք է քննարկումներ լինեն քրեական գործի ճակատագիրը որոշելու համար: Հույս ունեմ, որ դատախազության գործընկերները նման որակի գործը չեն ուղարկի դռնբաց դատական քննության, և դատախազին էլ նշել եմ, որ այս գործը պետք է շուտափույթ լուծում լինի, քանի որ քրեական հետապնդում իրականացնելու համար հիմքերը բացակայում են: Ինչպես նշել ենք բազմիցս, այս ամենը այսպես չի ավարտվելու, հետամուտ ենք լինելու որ պաշտոնատար անձինք ենթարկվեն քրեական պատասխանատվության»:
5-րդ ալիքի սեփականատեր Արմեն Թավադյանը հերքեց այն կարծիքը, որ հեռուստաընկերությունն ուղղորդված է։ Հավաստիացրեց, որ 5-րդ ալիքը աշխատում է հավաստի տեղեկատվության ապահովմամբ:
«Դատարանի որոշումով պարզ դարձավ, որ այն մեղադրանքը և կալանքը, որում ես գտնվում էի, անօրինական և անհիմն էր: Դա կատարվել է նրա համար, որ ճնշում գործադրվի ԶԼՄ-ի վրա, սա ճնշում է խոսքի ազատության վրա»:
Հովհաննես Խուդոյանը նաև նշեց, որ Արմեն Թավադյանի գույքի վրա կալանք դրվել է, որը բողոքարկվել է, սակայն մերժում են ստացել,
«Նման գործողություները դատարանը համարում է խախտում, և սա ցույց է տալիս, որ կա միտում ոչ թե անձի գործունեությունը սահմանափակելու, այլ գործունեությանը խոչընդոտելու համար»,- ասաց նա։