Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց. Մարտի 13-ի օրը. հրապարակում թոշակառուների հանրահավաքն էր (տեսանյութ)

1992-ի մարտի 13-ին որոշվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրով հրավիրել ԵԱՀԿ խորհրդի արտակարգ նիստ։

1998-ի այս օրը տպավորիչ մի ցուցահանդեսի բացում էր ազգային պատկերասրահում։ Այվազովկու, Գառզուի, այլ աշխարհահռչակ հայ հեղինակների թվով 250 գեղանկար էր ներկայացված ցուցահանդեսում, որ ձեռք էր բերվել 7 տարվա հանգանակությունների արդյունքում։ Բացման արարողության ժամանակ թանգարանի տնօրեն Շահեն Խաչատրյանը նշեց, որ նախընտրական այդ օրերին շատերն են խոսում սփյուռքի կարեւորության մասին, իսկ սփյուռքի հավաքական ուժի ամենաիսկական դրսեւորումը հենց ցուցահանդեսի փաստն է։ Նախորդած տասնամյակում պատկերասրահը որեւէ լուրջ գործ գնելու հնարավորություն չէր ունեցել, իսկ սփյուռքի աջակցությամբ ձեռք էր բերվել միանգամից 250 հանճարեղ կտավ։

Մինչ Պատկերասրահի տնօրենը սփյուռքի ներուժի մասին էր խոսում, նույն օրը Ազատության հրապարակում ՀՀ նախագահի թեկնածու Սերգեյ Բադալյանի հանրահավաքին մասնակցում էին Ռուսաստանի Դաշնության Կոմունիստական կուսակցության ներկայացուցիչներ։ Ժամանակն ապացուցեց, որ ռուս գործընկերների առանձնահատուկ գուրգուրանքը Սերգեյ Գրիգորիչի նկատմամբ անհիմն չէր։ Բադալյանը վախճանվեց 1999-ի աշնանը, եւ իր մահից հետո այլեւս երբեք կոմկուսը Հայաստանում ընտրական անցողիկ շեմը չհաղթահարեց՝ հընթացս պառակտեվելով եւ տրոհվելով մանր մունր կտորների։

2000-ի մարտի 13-ի օրը առատ էր բողոքի լոկալ ակցիաներով։ Հրազդան տոնավաճառի աշխատակիցները հանրահավաքի էին դուրս եկել ոչ թե վարձավճարների բարձրացման դեմ բողոքելու, այլ պահանջում էին իջեցնել 4 տարի առաջ սահմանված վարձավճարի չափը՝ փաստարկելով, թե առեւտրի ծավալները կրճատվել են, եւ ստացվող շահույթով անհնար է վճարել օրեկան 400 դրամ։ Որքան կերազեին այսօրվա առեւտրկաներն ընդամենը 400 դրամով որեւէ տոնավաճառում վաճառատեղ վարձակալել։

Նույն օրը Արմավիր քաղաքի հրապարակում թոշակառուների հանրահավաքն էր։ Տարեցները դժգոհում էին, որ կենսաթոշակներն ուշացել են 3-4 ամսով։

Նույն օրը Օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնի տնօրինությունը հայտարարեց, որ թատերաշրջանի բացումը հետաձգվում է։ Պատճառը դարձյալ սոցիալական էր։ Արվեստագետներն ամիսներով չէին ստացել 12-13 հազար դրամի աշխատավարձերը եւ նրանց մի մասը հրաժարվում էր ներկայանալ աշխատանքի։

Ազգային հեռուստաընկերության տնօրեն Տիգրան Նաղդալյանը 2000-ի մարտի 13-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել լիազոր խորհրդին։ Նաղդալյանի ներկայացմամբ՝ այդ կերպ նա փորձում էր բացատրել իր հրաժարականը ՀՀ նախագահից պահանջող «Միասնություն» դաշինքի առաջնորդներին, թե որքան ապօրինի է պահանջը։

Նաղդալյանն ասում էր, որ «Միասնությունը» շտապողականություն է ցուցաբերել՝ հայտարարելով, թե կարող է թեկնածու առաջադրել ազգային հեռուստաընկերության տնօրենի պաշտոնում։ Նկատենք, որ Նաղդալյանը ոչ միայն չզրկվեց հեռուստաընկերության տնօրենի պաշտոնից, այլեւ հետագայում նշանակվեց հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ։

 2003-ի այս օրը նախագահի ընտրության արդյունքները վիճարկող ընդդիմությունը որոշեց, որ մայիսի 25-ին կայանալիք խորհրդարանական ընտրությանը կմասնակցի միասնական ցուցակով։ Այդ կերպ գցվեցին «Արդարություն» դաշինքի սաղմերը։