Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրանտ Մաթեւոյանը կդառնար 75 տարեկան

Մշակույթ

Գրող Հրանտ Մաթեւոսյանի հուշաքարին այսօր ծաղիկներ դրեցին պաշտոնյա այրեր, արվեստագետներ, սովորական քաղաքացիներ, աշակերտներ: «Լոռվա Ձոր» հայրենակցական միությունն հուշ-երեկո էր կազմակերպել Կոմիտասի անվան պանթեոնում` Հրանտ Մաթեւոսյանի ծննդյան 75-ամյակի առթիվ:

Մեծ գրողը ծնվել է 1935թ-ի փետրվարի 12-ին, սակայն, ինչպես մեծ հրապարակախոսի որդին` Դավիթ Մաթեւոսյանը, նշեց.

«Ինչ -ինչ խնդիրների պատճառով նրա ծննդյան օրը փաստաթղթերով փոխել են մարտի 3-ին: Բայց իսկական ծննդյան օրը բազմաբովանդակ Տյառընդառաջի նախորդող օրն է, որը մեծ խորհուրդ ունի: Եւ նա պետք է ծնվեր հենց այս օրը»:


Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, ով այս կառույցը ղեկավարում է մեծ գրողի մահվանից հետո, «Ա1+»-ի հետ զրույցում ասաց. «Մեծ պատասխանատվություն ունեի ,որ Հրանտ Մաթեւոսյանի հաջորդը պետք է լինեի: Նրա թողած սկզնունքները ես պետք է շարունակեի»:

Հրանտ Մաթեւոյանը, դրամատուրգ Նելլի Շահնազարյանի բնորոշմամբ, «հայ ժողովուրդն է ամբողջությամբ»:

«Նա կարողացավ հայ ժողովրդի կենսափիլիսոփայությունը հասցնել օտարին: Ժամանակը ինչքան առաջանում է, Հրանտի մեծությունը ավելի շատ է երեւում: Այդ մեծությունը զգում ես այնպես, ինչպես հեռվից` մեծ սարի կամ գեղուղեշ ծառի բարձրությունը», -ասաց դրամատուրգը, ում առաջին գրքի խմբագիրը եղել է Հրանտ Մաթեւոսյանը:

Ըստ Նելլի Շահնազարյանի` Հրանտ Մաթեւոսյանը ըստ արժանվույն չի գնահատվել իշխանությունների կողմից: «Այս մեծությունը դեռ չունի տուն-թանգարան կամ նրա անունով մշակութային կենտրոն»:

Դավիթ Մաթեւոսյանի խոսքերով «Հրանտ Մաթեւոսյան» մշակութային կենտրոնի տեղը տրամադրված է, ճարտարապետը հատակագծային առաջադրանքը իրականացրել է:

«Մնում է պետական- քաղաքացիական կամք` գումարի հատկացումը ապահովելու համար: Սա պետականության համար մեծ գումար չէ: Ի վերջո, խոսքը Մաթեւոսյանի նման մեծության մասին է, ոչ թե` օրացույցային միջոցառում անցկացնելու»,- վիրավորված նշեց մեծ գրողի որդին: