Դավիթ Անանյանը ներկայացրեց ՀԿ-ների մասին օրենքում փոփոխությունների նախագիծը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային ժողովում քննարկվում է կառավարության կողմից ներկայացված «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը։
Հիմնական զեկուցող Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը նշեց, որ փոփոխություններն առաջարկվել են գործնական կիրառման ժամանակ առաջացած տարընթերցումների պատճառով, ինչպես նաև ֆինանսական միջոցառումների աշխատանքային խմբի (ՖԱԹՎ) 8-րդ հանձնարարականով առաջարկությունների և խորհրդատվությունների հիման վրա։
«Եթե վերցնենք ՖԱԹՎ 8 հանձնարարականի 8․3 կետի առաջարկությունները, ապա նրանք ասում են, որ երկրները պետք է ունենան հստակ քաղաքականություն, որպեսզի ՀԿ-ների կամ շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունների թափանցիկությունը, դրանց ինչպես կառավարման, այնպես էլ ղեկավարման թափանցիկությունը, ինչպես նաև հաշվետվողականությունը ապահովվի հանրության համար»,- նշեց ՊԵԿ նախագահը։
Ներկայումս, ըստ Անանյանի, հաշվետվություն ներկայացնելու պահանջ սահմանված է միայն այն դեպքում, երբ որ տվյալ կազմակերպությունը ստանում է հանրային միջոցներ։ ՊԵԿ ղեկավարն ասաց, որ օրինագծով պահանջ է ներկայացվում բոլոր ՀԿ-ներին ներկայացնել հաշվետվություն։
Բացի այս, կառավարությունը, ըստ ՊԵԿ ղեկավարի, առաջարկում է, որ ՀԿ-ներն իրենց անդամների և կամավորների թվի մասին տեղեկատվություն ներկայացնել հաշվետու տարեվերջի դրությամբ։
«Մենք նաև կամավորների վերաբերյալ տեղեկատվության նկատմամբ որոշակի կանոն ենք սահմանում, որ ներկայացվում է տեղեկատվություն այն կամավորների վերաբերյալ, որոնց աշխատանքի տևողությունը գերազանցում է 20 ժամը, և կազմակերպությունը նրանց հետ աշխատանքային պայմանագիր կնքելու պարտականություն ունի»,- եզրափակեց Դավիթ Անանյանը՝ նշելով, որ սրանք էին առաջարկվող բովանդակային փոփոխությունները։