Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ինչո՞ւ եք լալահառաչ տոնով այդ հարցը տալիս․ վարչապետը՝ ԼՀԿ-ական պատգամավորին (տեսանյութ)

Գյուղացին Կառավարության կողմից անտեսված է։ Գյուղացին զրկվել է պետական աջակցությունից, մասնավորապես պարարտանյութերի մասով արդեն 3 տարի է դադարեցված է սելիտրայի սուբսիդավորումը։ Մոտ 2 տարի դադարեցվել է կալիում ֆոսֆատային պարարտանյութի սուբսիդավորումը։ Արդյունքում գյուղացին ստիպված է ինքնուրույն կրել այդ բեռը։ Միգուցե անձնական օգտագործման համար պարարտանյութերի ներկրման դեպքում գյուղացուն ազատե՞նք ավելացված արժեքի հարկից։ 2018թ․-ից վեր դադարեցվել է նաև դիզվառելիքի սուբսիադավորումը։ Լուրջ խնդիրներ կան ոռոգման համակարգում։ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այս խնդիրներն արձանագրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը՝ Կառավարությունից հետաքրքրվելով, թե ի՞նչ են մտածում և ի՞նչ են անում այս խնդիրները լուծելու համար։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին այլ բան էր հետաքրքրում։

«Կներեք, Դուք ինչո՞ւ եք լալահառաչ տոնով այդ հարցը տալիս, իմանալով, որ այդ դիզվառելիքի մի շատ մեծ մասը գյուղապետարաններում, այլ շրջանակներում մսխվում էր և մնացած օգնությունները, որոնք ասացիք։ Մենք շատ պարզ բան ենք ասում՝ գյուղացուն օգնում ենք աշխատել, իսկ Դուք ասում եք՝ գողությունների մեխանիզմը ինչի՞ եք փակել գյուղացու, որոշ գյուղապետերի և որոշ «Ճ» կլասի պաշտոնյաների առաջ, և թողել անտեր։ Լավ ենք արել, որովհետև տասնյակ քրեական գործեր կան դրանցով հարուցված։ Մամուլում Դուք չեք կարդացե՞լ, որ սալյարկաները ինչ բարձրաստիճան պաշտոնյաների էին բաժին հասնում»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։

Գործադիրի ղեկավարը նկատեց, որ պատգամավորի ասած մեխանիզմները փակվել են այն պատճառով, որ դրանից օգտվողները ոչ թե գյուղացիներն էին, այլ «խոշորները»։

«Ճիշտ ենք արել, որ փակել ենք, որովհետև դա պետական անարդյունավետ ծախս է։ Ով որ այդ հարցը Ձեզ խնդրել է տալ, ճիշտ կլինի անունը փոխանցեք։ Գնանք, տեսնենք նախկինում քանի տոննա դիզվառելիքի բաշխմամբ է զբաղվել և հիմա ինչ գույքի ու եկամուտների է տիրապետում»,- ասաց վարչապետը։

Մանրամասները՝ տեսանյութում։