Ֆինանսական աղբյուրների թափանցիկությունը կբարձրացնի վստահությունը լրատվամիջոցների նկատմամբ. Մելիքյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԶԼՄ ներկայացուցիչների մասնակցությամբ այսօր տեղի ունեցավ քննարկում «Իրական սեփականատերերի հրապարակայնությունը մեդիա ոլորտում» թեմայով։
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը նշում է, որ լրատվամիջոցների սեփականատերերի հրապարակման և թափանցիկության ապահովման նպատակն է պայքարել ապատեղեկատվության, դեզինֆորմացիայի և հատկապես օրստօրե կորսվող հանրային վստահության ձեռքբերման համար։ Վերահսկման մեխանիզմը հնարավորություն կտա լրատվամիջոցներին խաղալ ազնիվ կանոններով, լինել բաց ու հաշվետու ընթերցողի և լսարանի առջև։
Նրա խոսքով ՝ թափանցիկության մեխանիզմները նախ և առաջ պետք է իրականացվեն լրագրողական համայնքի հետ՝ քննարկելով առավելությունները, թերությունները և ռիսկերը։ Միաժամանակ ընդգծում է, որ թափանցիկությունը չպետք է խանգարի մամուլի, որպես բիզնեսի զարգացմանը։
Քննարկման ընթացքում լրատվամիջոցներից կարծիքներ հնչեց, որ եթե լրատվամիջոցներին ֆինանսավորողների անունը հայտնի դառնա՝ կդադարեցնեն հետագա ֆինանսավորումը․
«Սա ռիսկ է, որը կարող է պատահել միայն գործընթացի սկզբում։ Մեկ երկու ֆինանսավորող գուցե այդ պատճառով հրաժարվեն, բայց իրականում ներդրողներն ավելի հակված են աշխատել նրանց հետ, ովքեր բաց են և ունեն ներդրած հաշվետվողականության մեխանիզմներ։ Եթե կհրաժարվեն անհատ ֆինանսավորողները, նրանց փոխարինելու կգան ավելի երկարաժամկետ ներդրումներ անողները, որը կնպաստի ընդհանուր քաղաքականացված և բևեռականացված դաշտը թոթափելու և հավասարակշռված դարձնելու համար»։
Շուշան Դոյդոյանը նշեց, որ հայտարարագրման գործընթացը սկզբում պետք է լինի կամավոր ՝ յուրաքանչյուր լրատվամիջոց ինքն իր կամքով սկսում հայտարարագրել, թե ովքեր են սեփականատերերը։ Սակայն, կամավորության ժամանակշրջանից հետո պետք է հետևի պարտադրությունը, իսկ ինչպես պետք է հսկեն հայտարարագրված տվյալները, դրանք հարցեր են, որոնք պետք է դեռ քննարկվեն։
Քննարկման ժամանակ Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը նշեց, որ մեդիան սխալ է դիտարկել, որպես առանձին միավոր ,հաշվի չառնելով տնտեսական, քաղաքական, իրավական իրավիճակները, որոնք տիրում են տվյալ դեպքում։
«Եթե այս փոխությունների նպատակը իշխանության կողմից վերահսկելը չէ, եկեք փոփոխություններն ուրիշ տեղից սկսենք։ Եթե ականատես ենք մի գործընթացի, որ հեռուստաընկերության սեփականատերը հայտնի է՝ « 5-րդ» ալիքը և նրա նկատմամբ, որը ունի այս կամ այն քաղաքական համակրանք՝ գործ է հարուցվում, որ վնաս հասցվի հեռուստաընկերությանը։ Եթե այսօր գլխավոր խմբագրին գաղտնալսում են և ասում՝ ասա ով է տվել աղբյուրը կամ խմբագրութուն է մտնում հարկադիր կատարող մարմինը և ասում՝ ասուլիսի մասին հնչեցրած մտքի ձայնագրությունը տուր, մենք ինչի՞ մասին ենք խոսում»։
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը կարծում է, որ լրատվամիջոցների Ֆինանսական աղբյուրների թափանցիկությունը կբարձրացնի վստահությունը լրատվամիջոցների նկատմամբ․
«Ես որպես ընթերցող պետք է իմանամ, թե այդ լրատվամիջոցից ինչ կարելի է սպասել, առհասարակ, քամին որ կողմից է փչում։ Մեր իրավիճակում, երբ բոլորը ասում են, որ անկախ են՝ ակտիվ սնվելով տարբեր քաղաքական գործիչների և ուժերի կողմից։ Այս պարագայում ներկայացնում են անկախ և ակտուալ սեփականության թափանցիկությունը»։
Աշոտ Մելիքյանը անդրադարձավ նաև « 5-րդ» ալիքի սեփականատիրոջ ձերբալակմանը․
«Չեմ կարծում, որ նրան ձերբակալել են այն պատճառով, որ վերցնեն «5-րդ» ալիքը, բոլորս գիտենք ինչպես է նա շշով ցուցարարի գլխին խփում, ո՞նց է փորձել կաշառել, ինչ որ մեկին, որը պիտի ցուցմունք տալ, ինչը իրավական մարմինները թող ապացուցեն, բայց հիմնավորումը դա էր»․ ասաց նա։