Բացել լրահոսը Փակել լրահոսը
cows
A A
Հասարակություն

Մոսկվայից կինը եկել, Արենիում կովերի «սորտ»-ն է փոխում

Լավ անասնաբույժը  ֆերմերի համար հաջողության կեսն է։

2003 թ.-ից «Ռազմավարական զարգացման գործակալություն»-ը իրականացնում  է գյուղատնտեսության և համայնքների զարգացման ծրագրեր  Տավուշի, Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց   Ձորի մարզերի ավելի քան 200 գյուղական բնակավայրերում:

Նրանք հիմնում են կաթի մթերման  եւ անասնաբուժական կետեր, որը դարձնում է անասնաբուժական ծառայությունը հասանելի,  նաեւ փորձում են աջակցել  արհեստական սերմնավորման ծառայության ընդլայնմանը։

 «Գիտենք, որ  հեռավոր մարզերում կան բնակավայրեր, որտեղ անասնաբույժը դժվարությամբ է հասնում, եթե առաջանում է խնդիր, մարդիկ ստիպված են  հավելյալ ծախսեր  անել»,- նշում է կազմակերպության  հանրային հաղորդակցության մասնագետ Աննա Պողոսյանը։

Կազմակերպության համար յուրաքանչյուր ֆերմերի «success story»-ն իրենց հաջողության պատմությունն է։

«Մենք  ունենք ֆերմերներ, ովքեր ծրագրի միջոցով  անասնագլխաքանակն են ավելացրել,  նոր գաղափարներ  են բացահայտել։ Ունենք վերամշակողների պատմություն, ովքեր իրենց արտադրանքը սկսել են արտահանել ոչ միայն Ռուսաստանի դաշնություն, այլ նաեւ Ղազախստան, Կանադա եւ ԱՄՆ»,- ասում է նա։

 Պողոսյանի պնդմամբ՝ վերապատրաստումները դրական արդյունք են տալիս։

 «Դա  նպաստում է, որ  կենդանու ցեղատեսակը  բարելավվի, եւ շատ դեպքերում հեռավոր մարզերում այդ ծառայությունից չեն օգտվում, քանի որ  անասնաբույժը պետք է անի արհեստական բեղմնավորում, եւ դժվարանցանելի տարածքներում, որտեղ ճանապարհները փակ են, անասնաբույժի հասնելու համար հավելյալ ծախսեր է ենթադրում, եւ այդ դեպքում մարդիկ չեն դիմում ծառայությանը»,- ներկայացնում է նա։

Տնտեսությունում գլխավորը տղամարդն է․ այս պնդմանը հակառակվում է   Արենի գյուղի բնակիչ Արեւիկ Սիմոնյանը, ով հինգ տարի է, ինչ Մոսկվայից եկել է գյուղ, որ անասնապահությամբ զբաղվի։

 Նա պարզաբանում է, որ կանայք գործի մեջ ավելի հեշտ  են  լեզու գտնում, հեշտ են պայմանավորվում կազմակերպչական գործերում, քան տղամարդ ֆերմերները։

 «Առաջին անգամ կով էստեղ եմ տեսել, ու հիմա այդ գործով եմ զբաղվում»,- ասում է նա։

Հիմա ունի 14 կով, եւ ՀԿ-ի ծրագրերի շրջանակում ցանկանում է ցեղատեսակը փոխել՝ գլխաքանակը հասցնելով 50-ի․

«Սկսել եմ սովորական «սորտի» կովերից, հիմա արհեստական սերմնավորման միջոցով ուզում եմ փոխել տեսակը»։

Զարինե  Բաղդասարյանը, որը  ներկայացնում է Սիսիան քաղաքում գտնվող  «ՍԻՍ ԱԼՊ» կաթի վերամշակմամբ զբաղվող ընտանեկան ընկերությունը, զբաղվում է պանրի արտադրությամբ։

Նրա խոսքով՝  ընկերությունը ամուսինն է գլխավորում, ինքը փորձում  է հնարավորինս աջակցել նրան։

«Ինչ հիմնվել է արտադրամասը, աշխատանքներ են տարվում ֆերմերների հետ, եւ դա նպաստել է կաթի որակի բարելավմանը առողջ կովից կունենանք առողջ սնունդ, սրանից էլ՝  առողջ հասարակություն»,- ասում է Զարինեն։

Սպառումը իրականացվում է տեղում,   Երեւանում, Ռուսաստանի Դաշնությունում, Արցախ։