Բացել լրահոսը Փակել լրահոսը
Still0303_00000
A A
Մշակույթ

Այո և մեկ անգամ ևս այո․ Դալիի եւ Պիկասոյի այս գործերը բնօրինակ են․ կոլեկցիոներ

20-րդ դարի իսպանական կերպարվեստի հանճարեղ երկու հակառակ կողմերը, որոնք կենդանության օրոք համատեղ ցուցահանդես երբևէ չեն ունեցել, չնայած, որ Սալվադոր Դալին փարիզյան ավանգարդիստական շարքեր է մուտք գործել Պիկասոյի շնորհիվ, այս նախագծի շրջանակներում կմեկտեղվեն։

«Դալին ինձ համար Դոն Քիշոտն է, իսկ Պիկասոն՝ Սանչո Պանսան»,- ասում է կոլեկցիոներ,  նաև «Ազգերի արվեստ» հիմնադրամի նախագահ Ալեքսանդր Շադրինը, որի մասնավոր հավաքածուից 260 քանդակ, գրաֆիկա և խեցեղեն մարտի 7-ից կցուցադրվի Հայաստանի ազգային պատկերասրահում։

Կոլեկցիոների խոսքով` հավաքածուն, որ նա համալրել է տասնհինգ տարիների ընթացքում, մինչ Հայաստան բերելը ներկայացրել է տարբեր երկրներում։ Ինչպե՞ս որոշեց Երևանում ցուցադրել հարցին նա պատասխանեց, որ իր մտերիմ, Հայաստանի հետ բարեկամության և համագործակցության ռուսաստանյան ընկերակցության նախագահ Վիկտոր Կրիվոպուսկովի խնդրանքն է եղել։ «Իսկ երբ ընկերները խնդրում են, մերժել չեմ կարող»։

«Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ինձ զարմացրեց, նույնիսկ նյարդայնացրեց այն, որ նրանց հետաքրքրում էր թերևս մեկ հարց, արդյո՞ք հավաքածուի բոլոր գործերը բնօրինակ են»,- «Ա1+»-ի հետ զրույցում իր վրդովմունքը հայտնեց Ալեքսանդր Շադրինը։- Այո, այո և մեկ անգամ ևս այո, բնօրինակ են։ Սալվադոր Դալիի բրոնզե քանդակները ձեռք եմ բերել 2006 թվականին «Դալիի աշխարհ» Փարիզյան հիմնադրամից, որը ստեղծել էր նկարչի բարեկամ Բենյամին Լևին, վիմագրանկարները գնել եմ հայտնի հավաքորդ, Դալիի ընկեր Պիեռ Արժիլեի ընտանիքից 2011 թվականին։ 40 գործ եմ գնել, սա, կարելի է ասել, շատ խոշոր գործարք էր։ Պիկասոյի խեցեգործական լավագույն աշխատանքները գնվել են 2012-ին, «Christies» աճուրդային տնից, որոնք վաճառքի էր ներկայացրել Ռանյե ընտանիքը։ Հենց նրանց առանձնատանն է 72-ամյա Պիկասոն ստեղծել իր այս խեցեղեն գործերի շարքը»,- ասաց կոլեկցիոները։