Բացել լրահոսը Փակել լրահոսը
Աննա Դանիբեկյան
A A
Հասարակություն

Քոչարյանի պաշտպաններն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցին դատավոր Աննա Դանիբեկյանին

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով նիստը։

Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը դիմեց դատավոր Աննա Դանիբեկյանին՝ նշելով, որ հունվարի 9-ին ներկայացված ինքնաբացարկից հետո ի հայտ է եկել այնպիսի հանգամանք, որը բացառում է Աննա Դանիբեկյանի՝ որպես դատավոր ներկայանալու հնարավորությունը:

Հայկ Ալումյանը նշեց, որ 2019-ի դեկտեմբերի 12-ին ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը նշել է, իշխանությունները ցանկանում են, որ դատավորները լինեն Արմեն Դանիելյանի և Աննա Դանիբեկյանի նման: Նրանք, փաստորեն, ըստ Հայկ Ալումյանի, ասել են, թե ինչպես են ցանկանում տեսնել սույն գործի քննությունը:

Հայկ Ալումյանը ներկայացրեց, որ Նիկոլ Փաշինյանը, վարչապետ դառնալուց հետո նեւկայացրել է Մարտի 1-ի իր վարկածը և ասել է, որ պետք է պատիժ կրի Ռ. Քոչարյանը և ուժային կառուցները։

«Նիկոլ Փաշինյանը նախորդ իշխանությունների նեւկայացուցիչներին ասել է՝ «խելքներդ գլուխներդ հավաքեք ու կատակ չանեք ժողովրդի հետ»։ Պարզ էր՝ խոսքը գնում էր Ռ. Քոչարյանին ազատ արձակած դատարանի որոշման դեմ: Ավելի ուշ Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցության ձայնագրությունում քննարկվում է Ռ. Քոչարյանին և Յուրի Խաչատուրովին կալանավորելու հարցը: Այդ բոլոր անձինք շահագրգռված են, որ Քոչարյանը մնա կալանքի տակ և չեն թաքցնում դա»,- ասաց նա։

Դիմելով Աննա Դանիբեկյանին՝ փաստաբանն ասաց․

«ԲԴԽ նախագահը ասում է, որ իշխանությունները ուզում են լինել Ձեր նման, ակնհայտ է, որ նման պարագայում Դուք այն դատավորն եք, որ նրանց իղձերը անվերապահորեն պետք է ի կատար ածեք: Դուք չեք կարող այս գործը քննել, միջնորդում եմ ինքնաբացարկ հայտնել»:

Միջնորդությանը միացան նաև պաշտպաններ Հովհաննես Խուդոյանը, Արամ Վարդևանյանը:

Գործով մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը, անդրադառնալով միջնորդությանը, նշեց, որ Ռ. Քոչարյանի պաշտպանական խումբը ներկայացնում է ԲԴԽ նախագահի խոսքը՝ կոնտեքսից կտրված, աղճատված։

«Մի հարց եմ ուզում հռետորական հնչեցնել, ինչպիսի՞ վերջնաարդյունք են ակնկալում, ի՞նչ պետք է պարզվի, որ Աննա Դանիբեկյանը դառնա անաչառ: Նկատի ունենալով, որ նոր հանգամանք չկա, և նույն փուլում դատավորի անաչառության վերաբերյալ միջնորդություններ ներկայացնելը իրավունքի չարաշահում է՝ առաջարկում եմ միջնորդությունը չքննել»: