Շրջայց՝ պանդոկներով, սրճարաններով, ռեստորաններով․ այցելուների պակաս կարծես չկա
Աջակցիր «Ա1+»-ինԵրեկ հայտարարվեց Հայաստանում նոր կորոնավիրուսով առաջին վարակվածի մասին։ Վարակվածը 29-ամյա ՀՀ քաղաքացի է, որը վերադարձել էր Իրանի մայրաքաղաք Թեհրանից։
«Ա1+»-ը շրջայց կատարեց Երևանի մի քանի ռեստորաններում, պանդոկներում, սրճարաններում՝ իմանալու, թե նոր կորոնավիրուսի տարածումն ինչ ազդեցություն է ունեցել մարդկանց այցելությունների վրա։
«Տարբեր տուրեր չեղարկել են համարների ամրագրումները զբոսաշրջիկների հետ կապված։ Եվրոպական երկրներից, հիմնականում Իտալիայից, Իսպանիայից, Ֆրանսիայից»,- նշեց «Թուֆենկյան» հյուրանոցային ցանցի մարքեթինգի և վաճառքի տնօրեն Տիրան Կարապետյանը։
Սակայն Կարապետյանը նաև ասաց, որ տեղացիների այցելությունների հետ կապված որևէ խնդիր չկա, և այցելությունները չեն նվազել։ Այսօրվա դրությամբ զբոսաշրջային կազմակերպություններից չեղարկուները եղել են միայն հյուրանոցային ցանցի Երևանի «Ավանդական Երևան» և Լոռու մարզի Ձորագետ համայնքում գործող «Ավան Ձորագետ» հյուրանոցներում։
«Դը Իտալիան Արմենիա» սրճարան-ռեստորանից հայտնեցին, որ որևէ խնդիր չկա, այցելությունների հաճախելիության մեջ փոփոխություն չկա։
«Այցելությունների պարբերականությունը չի փոխվել»,- «Ա1+»-ին ասաց «Մասուր» ռեստորանի ներկայացուցիչը։ «Գինետուն» պանդոկում նույնպես խնդիր չկա այցելությունների հետ կապված։
Նույնպիսին էր նաև «Դարի Պանդոկ» ռեստորանի պատասխանը։ «Երկու օր է անցել (Հայաստանում կորոնավիրուսի դեպքից – հեղ․) դժվար փոփոխություն լիներ»,- նշեցին «Դարի Պանդոկ»-ից
«Դը Տոլմա» ռեստորանում նույնպիսին էր իրավիճակը, և այցելությունների պակաս չկա։ «Համեմատաբար քչացել են այցելությունները», - ասացին «Բագետ ընդ Քօ» սրճարան-խանութից։
«Շերեփ» ռեստորանի ներկայացուցիչն ասաց, որ առանձնապես փոփոխություն չկա այցելությունների մեջ։