ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի հիմնավորումներն ավելի համոզիչ էին, քան նախարարությանը. պատգամավոր (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄինչ Ազգային ժողովում Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում էր նաև ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցին միանալու հարցը, կենտրոնի աշխատակիցները Ազգային Ժողովի բակում ակցիա էին իրականացնում՝ միաժամանակ հետևելով ընթացող քննարկմանը։
Քննարկումից հետո Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սարգիս Ալեքսանյանը հանդիպեց քաղաքացիների հետ և ճշտեց՝ եթե նախարարության դիրքորոշումը չփոխվի, մինչև վերջ պայքարելո՞ւ են, թե՞ ոչ։ Կենտրոնի աշխատակիցները պատասխանեցին, որ շարունակելու են պայքարը։
Սարգիս Ալեքսանյանը, անդրադառնալով ընթացող քննարկմանը, նշեց, որ կենտրոնի ներկայացրած հիմնավորումներն ավելի համոզիչ էին, քան նախարարության։
«Քննարկումը առողջ մթնոլորտում էր իրականացվում, բայց հիմնավորումների խնդիր կար։ Նախարարության ներկայացուցիչները չկարողացան հիմնավորումները մինչև վերջ տանել։ Ի դեպ, նախարարը և փոխնախարարը չկային քննարկմանը։ Լսելով հակառակ կողմին՝ ես հասկացա, որ հիմնավորումները հիմնազուրկ են»,- ասաց նա։
«Քննարկման ժամանակ Աժ պատգամավորների համար պարզ դարձավ, որ հիմնավորումներն ամբողջական չէին, մասնավորապես՝ եթե շենքը նույն տեղում է մնում, սարքավորումները նույն տեղում են մնում, ինչո՞ւ են այդ դեպքում միացնում «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցին։ ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնը միայն բուժում չի վարում եւ դեղեր չի տրամադրում։ Կենտրոնը մոնիթորինգ է անում ՀՀ ախտորոշման մյուս լաբորատորիաներին»,- նշեց «Դրական մարդկանց հայկական ցանց» ՀԿ նախագահ Անահիտ Հարությունյանը։