Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Արցախում չի բացառվում նախագահական ընտրության երկրորդ փուլը (տեսանյութ)

 Հայաստանից Արցախում տեղի ունեցող նախընտրական պայքարը լարված չի թվում․ քաղաքագետներն առայժմ  այն բնորոշում են  մրցակցային   եզրույթով։

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի  կարծիքով՝   հիմնական պայքարն ընթանում է Արցախի նախագահի ութ թեկնածուներից  չորսի ՝ Արայիկ Հարությունյանի, Մասիս Մայիլյանի, Վիտալի Բալասանյանի եւ  Աշոտ Ղուլյանի միջեւ։  

«Ամեն դեպքում կարծում եմ, որ այս չորսի մեջ է ընթանալու պայքարը առաջին փուլում, ինչո՞ւ  եմ ասում առաջին, որովհետեւ ինձ էլ է թվում, համենայն դեպս տպավորությունները այդպիսինն են, որ հնարավոր է երկրորդ փուլ»,- նշեց Հակոբյանը։

Մեդիա փորձագետ Տիգրան Քոչարյանի խոսքով՝  նախաքարոզարշավային  փուլում ընտրական բլոկների ձեւավորումը  մի փոքր անսպասելի էր,  եւ Մայիլյան-Բաբայան դաշինքը առաջին հայացքից մի փոքր անտրամաբանական է։

«Հետաքրքիր էր այդ միավորումը, որովհետեւ  մինչեւ այդ ուրիշ խոսակցություններ էին գնում, որ հնարավոր է Մայիլյանը միանա ավելի փոքր ուժերի հետ, եւ այդ դաշինքը չստացվեց,  դրդված էր Սամվել  Բաբայանի հետ դաշինք կազմել, որ առնվազն հայտնվի երկրորդ փուլում»,- նշում է Տիգրան Քոչարյանը։

Նա հիշեցնում է՝  Մասիս Մայիլյանի կողքին է   նաեւ Գրիգոր Սահակյանը՝ հայտնի Հայկազովի հրետանային բրիգադի նախկին հրամանատարը, որ  Ստեփանակերտի ընտրությունների ժամանակ երկրորդ տեղն էր գրավել։

Բանախոսների համոզմամբ՝  նախագահական ընտրություններում  հաղթելու ամենամեծ շանսերն ունի  Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը։

Շանսեր ունի նաեւ Վիտալի Բալասանյանը, որը, ըստ  Քոչարյանի,  Հայաստանի իշխանությունների համար անցանկալի թեկնածուներից մեկն է։ Նա  մեջբերեց  Նիկոլ Փաշինյանի ակնարկը, որ «Հայաստանում զարգացումների նկատմամբ  հակահեղափոխական տրամադրություն ունեցող թեկնածուն իրենց համար  ընդունելի թեկնածու չէ, եւ այդ թեկնածուն Վիտալի Բալասանյանն է»։

Հիշեցնենք, որ  մարտի 31-ին Արցախում տեղի են ունենալու ոչ միայն նախագահական,այլեւ խորհրդարանական ընտրություններ։