Բացել լրահոսը Փակել լրահոսը
բագրատ ասատրյան
A A
Տնտեսություն

«Մի բան է փոխվել․ վերևի նստած մարդը այլևս չի ասում՝ բերեք իմ բաժինը տվեք»․ Բագրատ Ասատրյան

«2019 թվականը Հայաստանի տնտեսական պատմության հաջողված էջերից մեկն է»,-այս մասին «Հայաստանի տնտեսություն. 2019-ի արդյունքներ, 2020-ի մարտահրավերներ» թեմայով քննարկման ընթացքում նշեց Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը՝ հավելելով, որ անցած տարվա զարգացումների մեջ և տնտեսական աճի մեջ մեծ մասնաբաժին ունեին հասարակական սպասումները․

«Ունենք 7,6 % տնտեսական աճ ըստ ոլորտների և առաջնային զարգացում ապրել են այն ոլորտները, որոնցում հասարակության մասնակցությունն ավելի մեծ է, կամ որտեղ հասարակության սպասումներն ավելի լայն դրսևորումներ են ունենում: Օրինակ ՝ բանկային համակարգում աճի տեմպերը եղել են անհամեմատ ավելի բարձր, քան տնտեսության որևէ ոլորտում։  Սա իշխանության առաջ ավելի լրջանալու պահանջ դնելու հայտ է»,- ասաց նա:

Բագրատ Ասատրյանի խոսքով՝ երբ նայում ես բովանդակային առումով զարգացմանը, ապա չէս ասի, որ 2019-ի առանձին հատվածների զարգացումները պետք է հիացմունքի առարկա լինեն:

Ասատրյանը, որպես օրինակ նշեց, որ արդյունաբերության մեջ առաջնային տեղում է հանքարդյունաբերությունը, իսկ վերամշակող արդյունաբերության աճն ավելի ցածր է եղել:

Ինչ վերաբերում է գյուղատնտեսությանը, տնտեսագետը նշեց, որ այն մեզ մոտ չի արտահայտում այն իրականությունը, որ մենք ունենք, ժամանակին կեղծարարության արդյունք է եղել այն, ինչ  ներկայացվել է իբրև գյուղատնտեսական արտադրանքի թողարկում։

«Գյուղատնտեսությունը մեզ մոտ մնացորդային բնույթ է կրում, այստեղ խոսել զարգացման, ժամանակակից ինչ որ բաների մասին՝ անհնար է։ Մենք 17-րդ դարից քիչ ենք տարբերվում»:

Ըստ տնտեսագետի՝ բավականին  մտահոգիչ է այն, որ ներմուծման ծավալները գերազանցեցին արտահանմանը:

Ասատրյանի պնդմամբ՝ մեր մեծագույն նվաճումներից մեկը մակրոտնտեսական կայունությունն է․

«Սա նախապայմանն է, սակայն մենք չպետք է հիանանք նրանով, որ արդեն որերորդ տարին է ծրագրվածից ավելի ցածր գնաճ ունենք: Գնաճը տնտեսական աճի բաղադրիչներից մեկն է, տնտեսական միջավայրի նորմալ բնութագրիչներից մեկն է, և պետք է ուշադիր, հետևողական լինենք, որ այդ ցուցանիշները համապատասխանեն տնտեսական աճին և ֆինանասների ընդհանուր համամասնությանը»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է կոռուպցիոն դրսևորումներին, Բագրատ Ասատրյանը նշում է, որ այսօր նախարարները, կառույցների ղեկավարները կաշառք չեն վերցնում, սակայն որևէ երաշխիք չկա, որ դա շարունական բնույթ է կրելու, այս առումով համակարգային որևէ փոփոխություն չի եղել։

«Մի բան է փոխվել՝ վերևի նստած մարդը այլևս չի ասում՝ բերեք իմ բաժինը տվեք»։

Տնտեսագետը, սակայն, նշում է՝  նախկինում մենք համակարգված գողության հետ ենք գործ ունեցել․

«Ուզում եմ ապրել մի երկրում, որտեղ ընդհանրապես  համակարգային փոփոխություններ լինեն՝ դաստիարակությունից սկսած։ Կոռուպցիան մշակութային երևույթ է, այդ մշակույթը չի փոխվել։ Ես հավատացնում եմ, որ կոռուպցիան կրթական համակարգում ավելի է խորացել այս երկու տարիների ընթացքում, որովհետև համակարգային փոփոխություններ չկան, պահանջը չկա, այդ կառույցները չեն աշխատում, այսօր ուսանողը գալիս է համալսարան ոչ թե սովորելու, այլ չսովորելու համար, այսօր փող են տալիս չսովորելու համար և այդ մշակույթը խոր արմատներ ունի»։