Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Եվրոպայի լիգա. «Արսենալը» սայթաքեց Լոնդոնում, իսկ Պորտուգալիան զրկվեց բոլոր թիմերից

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայում կայացած 1/16 եզրափակիչ փուլի պատասխան խաղերում գրանցվեցին մի շարք անակնկալներ:

Նախ, Լոնդոնի «Արսենալը» սեփական դաշտում լրացուցիչ ժամանակում 1:2 հաշվով պարտվեց հունական «Օլիմպիակոսին» և դուրս մնաց պայքարից, չնայած մեկ շաբաթ առաջ հյուրընկալվելիս հաղթանակ էր տարել՝ 1:0:

Պատասխան խաղում ռևանշի հասավ նաև թուրքական «Բաշաքշեհիրը», որը սեփական դաշտում, դարձյալ լրացուցիչ ժամանակում, հաղթեց Լիսաբոնի «Սպորտինգին»՝ 4:1 (առաջին հանդիպումը՝ 1:3):

Հարկ է նշել, որ այս փուլում անհաջող հանդես եկան Պորտուգալիայի բոլոր թիմերը: Երկրի չեմպիոն «Բենֆիկան» զիջեց Ուկրաինայի գործող չեմպիոն Դոնեցկի «Շախտյորի»՝ 1;2, 3:3: «Պորտուն» երկու անգամ պարտվեց գերմանական «Բայերին»՝ 1:2, 1:3, իսկ «Բրագան»՝ շոտլանդական «Ռեյնջերսին»՝ 2:3, 0:1:

Այս փուլում իրենց մասնակիցներից զրկվեցին նաև Նիդերլանդները («Այաքս», «ԱԶ Ալկմաար»), Բելգիան («Գենտ», «Բրյուգե»), Բուլղարիան («Լուդոգորեց»), Ռումինիան («Կլուժ»), Կիպրոսը՝ (ԱՊՈԵԼ) և Շվեդիան («Մալմյո»):

Այս պահին Եվրոպայի լիգայում երկուական ակումբներ ունեն Անգլիան, Իտալիան, Գերմանիան, Իսպանիան: Դրանց կարող է միանալ Ավստրիան, եթե «Ռեդ Բուլ Զալցբուրգը» 1:4 հաշվով պարտությունից հետո այսօր կարողանա ռևանշի հասնել գերմանական «Այնտրախտի» նկատմամբ:

1/8 եզրափակիչ փուլի վիճակահանությունը տեղի կունենա այսօր, ժամը 16:00-ին: Հռոմի «Ռոմայի» մրցակից կարող է դառնալ մնացած 15 թիմերից յուրաքանչյուրը, քանի որ այս փուլում մասնակիցները չեն բաժանվում ըստ վարկանիշների և երկրների: Դա նշանակում է, որ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը կարող է հանդիպել իր նախկին թիմերից մեկի՝ «Շախտյորի» կամ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: 1/8 եզրափակիչի խաղերը կայանալու են մարտի 12-ին և 19-ին: