Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Հայաստանի ռազմականացման բարձր աստիճանը հասկանալի է, այդուհանդերձ, դրական գործոն չէ.Մաքս Մաչլեր (տեսանյութ)

Ամերիկայի Ձայն

Հայաստանի ռազմականացման բարձր աստիճանը հասկանալի է, սակայն, չի կարող դրական համարվել, «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում նշել է Բոննի Կոնվերսիայի միջազգային կենտրոնի վերլուծաբան Մաքս Մաչլերը՝ մեկնաբանելով կենտրոնի զեկույցը, որի համաձայն Հայաստանը ճանաչվել է Եվրոպայի առավել ռազմականացված եւ աշխարհի երրորդ առավել ռազմականացված երկիրը:

«Երկրի ռազմականացման աստիճանն անշուշտ պայմանավորված է արտաքին իրավիճակով, անվտանգության խնդիրներով, հարեւանների գործողություններով, սակայն, դա նաեւ երկրի ղեկավարության քաղաքական որոշումն է», - նշում է Մաչլերը:

Բոննի Կոնվերսիայի միջազգային կենտրոնը, երկրների ռազմականացման աստիճանը որոշելիս, հաշվի է առնում տվյալ երկրի ռազմական ծախսերը ՀՆԱ-ի, առողջապահության ծախսերի համեմատ, ինչպես նաեւ հաշվառում է երկրի զինվորական անձնակազմի եւ պահեստայինների թիվը ամբողջ բնակչության եւ բժիշկների թվի համեմատ: Հաշվառվում է նաեւ ծանր հրետանիների թիվը երկրի բնակչության ընդհանուր թվի համեմատ: Մաքս Մաչլերի խոսքով, հետազոտության նպատակն է բացահայտել, թե որքան կարեւոր դեր է խաղում ռազմական ոլորտը տվյալ պետության հասարակության մեջ:

Նշված չափանիշներով 2019-ի արդյունքներով Հայաստանը ճանաչվել է ռազմականացման տեսակետից Եվրոպայում առաջին, իսկ աշխարհում՝ երրորդ երկիրը, զիջելով միայն Իսրայելին ու Սինգապուրին: Մաչլերի կարծիքով, Հայաստանի ռազմականացման բարձր աստիճանը թեեւ հասկանալի է, այդուհանդերձ դրական գործոն չէ.

«Եթե պետության խոշոր միջոցներ ուղղվում են ռազմականացմանը, դրանցից զրկվում են այլ ոլորտներ՝ առողջապահությունը, կրթությունը, սոցիալական ծառայությունները, որոնք հակառակ դեպքում կարող էին ստանալ այդ միջոցները: Ուստի, հնարավոր է, որ չափազանց բարձր ռազմականացումը վնասակար լինի այլ ոլորտների համար»:

Դրանից բացի, բարձր ռազմականացման աստիճան ունեցող յուրաքանչյուր երկիր որեւէ կերպ ներգրավված է հարեւանների հետ լուրջ ռազմական հակամարտության մեջ.

«Հայաստանի դեպքում խոսքն Ադրբեջանի մասին է, եւ դա հասկանալի է, սակայն, միեւնույն է, ես ռազմականացման բարձր աստիճանը մտահոգիչ կհամարեի»: