Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Կորոնավիրուսով վարակված անձանց թիվն աշխարհում կարող է տասնապատիկ անգամ ավելի մեծ լինել (տեսանյութ)

Աշխարհում ամեն օր հայտնաբերվում են կորոնավիրուսի հազարավոր նոր դեպքեր։ Իրականում սակայն, այդ թիվը կարող է տասնապատիկ ավելի մեծ լինել։ Պաշտոնական տվյալներով, վարակվածների թիվն այսօր անցել է 82 հազարը, նախորդ օրվա 37-ի փոխարեն՝ ընդգրկելով ավելի քան 4Օ երկիր։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարի խոսքերով, կորոնավիրուսի տարածման դեմ պայքարը մտնում է վճռական փուլ։ Նա ասում է, թե մահացու սխալ թույլ կտան այն երկրները, որոնց իշխանությունները լինեն վստահ, որ այդ հիվանդությունը մուտք չի կարող գործել իրենց տարածք։ Թեդրոս Ղեբրեյեսուսը համամիտ է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որն ասել է, թե հիվանդության դեմ պայքարի առաջին գլխավոր միջոցը հիգիենայի կանոնների պահպանումն է եւ կասկածի դեպքում տնից դուրս չգալու պայմանը։ ԱՄՆ-ի վարչակազմն այժմ պահանջում է, որ Կոնգրեսը 2.5 միլիարդ դոլար տրամադրի հիվանդության տարածման դեմ պայքարն ավելի լավ կազմակերպելու համար, երկիր, որտեղ հայտնաբերված դեպքերն անցել են վեց տասնյակը եւ կան այդ թիվն ավելանալու մասին կանխատեսումներ։

Թրամփը մամուլին մեղադրում է վիրուսի տարածման փաստը չափազանցնելու մեջ, ինչը նրա խոսքերով, դառնում է խուճապի պատճառ։ Իսկ դեմոկրատական ընդդիմությունը մեղադրում է վարչակազմին հատուկ մշակված ծրագիր չունենալու մեջ։

Ամենամեծ վտանգը, ըստ մասնագետների, սպառնում է Նյու Յորք նահանգին, որի կառավարիչ Անդրե Քուամոն կոչ է անում դաշնային կառավարությանը թույլ տալ, որ նահանգն ինքնուրույն իրականացնի բժշկական ստուգումների քաղաքականությունն ու պահանջում է 4Օ միլիոն դոլար։ Մտահոգության ամենամեծ պատճառներից են բժշկական սպասարկման ոլորտում առկա խնդիրները։ Այդ խնդիրներից է սպասարկման բարձր գինը։ Ֆլորիդա նահանգում անցյալ ամիս մի մարդուց, որը հարբուխի պատճառով ցանկացել է անցնել կորոնավիրուսի ստուգման, ապահովագրության միջոցով գանձել են 327Օ դոլար։

Ուշադրությունն այս պահին Հարավային Կորեայում հիվանդության տարածման մեծ արագության վրա է, որտեղ մեկ օրում հիվանդների թիվն ավելացել է 334-ով՝ Չինաստանից հետո ունենալով վարակված անձանց ամենաբարձր ցուցանիշը՝ 1595։ Այդ պատճառով ԱՄՆ-ը ու Հարավային Կորեան որոշել են անորոշ ժամանակով հետաձգել ռազմական համատեղ վարժանքները։ Հարավային Կորեայի բանակում այս վիրուսն է կրում առնվազն 2Օ զինվորական, ԱՄՆ-ի բանակում՝ առնվազն 1։

Այս վիրուսից ծնվող կովիդ 19 անվանումը կրող հիվանդությունը սկսվում է բարձր ջերմությամբ, ուղեկցվում չոր հազով, հազվադեպ դեպքերում՝ փռշտոցներով ու քթից արտադրությամբ։ Ավելի ուշ սկսվում են շնչառական խնդիրներ։ Ամենածանր հետեւանքներն են թոքաբորբն ու երիկամների աշխատանքի կանգառը։

Ինչպես մասնագետներն են ասում, քանի դեռ չկա կորոնավիրուսի դեմ հատուկ դեղամիջոց, առաջինն, ինչի վրա պետք է կենտրոնանալ, ձեռքերն օճառով կամ սպիրտով հաճախ ու շատ լավ լվանալն է, քիթն ու բերանը, հազալիս կամ փռշտալիս, թաշկինակով կամ արմունկով ծածկելը, գրիպի ախտանիշներ ունեցող անձանցից հեռու մնալը։ Ինչ վերաբերում է սննդամթերքին, հարկավոր է լավ եփել միսն ու հավկիթը, իսկ գյուղերում հնարավորին չափով հեռու մնալ չստուգված անասուններից։