Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport par
A A
Սպորտ

Երևանում առաջին անգամ կանցկացվի պարերի միջազգային առաջնություն

Փետրվարի 28-29-ը առաջին անգամ կանցկացվի սպորտային-պարահանդեսային պարերի Երևանի բաց առաջնություն։ Այդ մասին այսօր հայտնեց պարի և սպորտային պարերի համահայկական խորհրդի նախագահ Մարիանա Մամյանը։

Առաջնությանը կմասնակցեն 7 երկրների ներկայացուցիչներ։ Ինչպես հայտնեց նախագահը, այս անգամ մասնակիցները կմրցեն պարահանդեսային պարերում (խոշոր մրցաշարերում սովորաբար պայքարում են լատինական և պարային պարերում)։ Փետրվարի 28-ին հանդես կգան պատանիներն ու երիտասարդները, իսկ ամսի 29-ին արդեն կմրցեն մեծահասակները։ Առաջնությունը տեղի կունենա Երևանի Հարավ-արևմտյան թաղամասում գտնվող «Նեպտուն» մարզահամալիրում։

Ասուլիսին մասնակցում էին նաև միջազգային մրցավար Իլյա Ուվարովը և պարահանդեսային պարերի աշխարհի կրկնակի և Եվրոպայի եռակի չեմպիոն Արսեն Աղամալյանը։ Վերջինս հանդես կգա ցուցադրական պարերով։

Հավելենք, որ անցած տարի Արցախում անցկացվել էր «Պարեր առանց սահմանների» նմանատիպ մրցաշար։ Իլյա Ուվարովը, ով այդ մրցումներում մրցավար է եղել, ասաց, որ Ստեպանակերտում բարձր մակարդակով են անցել մրցումները, ինչն իրեն հաճելիորեն զարմացրել էր։