Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նիկոլ Փաշինյան
A A
Քաղաքականություն

Պետական համակարգից գնացողները կարող են ընդդիմադիր գործունեություն ծավալել՝ եկամտաբեր է. վարչապետ

Կառավարությունն այսօրվա նիստին հավանություն տվեց Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2020-2023 թվականների միջոցառումների ծրագրին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե գործադիրին անհանգստացնողը գործարարությամբ զբաղվելու ցուցիչն է։

«Գործարար միջավայրի հետ կապված Հայաստանում պետք է ստեղծվեն հնարավոր լավագույն պայմանները, և սրա համար կան քաղաքական բոլոր նախադրյալները։ Ուզում եմ արձանագրել, որ պետական կառավարման համակարգի առաջին սկզբունքը գործարար միջավայրի, և ընդհանրապես քաղաքացիների հետ շփվելիս պետք է լինի բժշկական։ Նախ չխանգարել որևէ բանում, և որտեղ հնարավոր է՝ օգնել»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը հավելեց․ «Այսօր պետական կառավարման համակարգում շարունակում են լինել մարդիկ, որոնք երկար տարիներ այդ նույն կաբինետներում նստած, իրենց կյանքի օրակարգը ձևավորել են ըստ օրվա մեջ ստացվող մաղարիչների թվի և ծավալի։ Այդ մարդիկ շատ չարացած են այսօր ներկաների վրա, մեծ մասի վրա, հեղափոխության վրա, ամեն ինչի վրա շատ չարացած են։ Եթե մի քիչ հարմար զոհ է գտվում, որ մտնում է իրենց կաբինետ, ամբողջ չարությունը պարպում են այդ մարդկանց վրա։ Ես ուզում եմ մենք հստակ արձանագրենք, որ նաև նախարարների պարտականությունն է, եթե այդ մարդկանց կաբինետներում գտնեն, լիցքաթափվելու հնարավորություն տալ, թող գնան մաքուր օդ շնչելու, ուրիշ զբաղմունք գտնելու։ Այսօր մենք այդ պրոբլեմն ունենք, պետք չի, որ դանակը հասնի ոսկորին», - ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։

Ըստ վարչապետի՝ իրեն չեն պատրաստվում «գերանդին առնել ու հնձել», պետական կառավարման համակարգում կադրային ջարդ անել։

«Ասում եմ՝ հերիք է, ժամանակը սպառվել է, այդ մարդիկ պետք է պետական կառավարման համակարգից թողնեն գնան ու զբաղվեն ուրիշ գործով, կարող են նույնիսկ ընդդիմադիր գործունեություն ծավալել, հիմա դա հարմար հնարավորություն է, ինչու չէ՝ նաև եկամտաբեր», - ասաց վարչապետը։