Բացել լրահոսը Փակել լրահոսը
85260528_188209325777916_6586961509585256448_n
A A
Քաղաքականություն

Դատարանը մերժեց Սերժ Սարգսյանի պաշտպանական խմբի միջնորդությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի գլխավորությամբ, վերադառնալով խորհրդակցական սենյակից, որոշեց մերժել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպանական խմբի՝ դատախազ Արսեն Մարտիրոսյանի դեմ ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը։

Սերժ Սարգսյանը ներկա չէ նիստին։ 

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 26-ին, ժամը 15:00-ին։

Նշենք, որ երեկ՝ փետրվարի 25-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների դատական գործով առաջին նիստը։ 

Սերժ Սարգսյանի պաշտպան Ռուբեն Հակոբյանը դատարան միջնորդություն էր ներկայացրել, որպեսզի դատախազ Արսեն Մարտիրոսյանը ինքնաբացարկ հայտնի։ Ըստ պաշտպանական կողմի՝ բավարար միջոցներ չեն ձեռնարկել ՀՀ 3-րդ նախագահին արդարացնող բոլոր հանգամանքներն պարզելու համար, վերջինիս արդարացնող, գործում առկա ապացույցները անտեսվել են, դրա փոխարեն գործում առկա ակնհայտ անարժանահավատ միակ ապացույցը չի գնահատվել որպես այդպիսին, ինչի արդյունքում կայացվել և չի վերացվել Սերժ Սարգսյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին ակնհայտ ապօրինի, անհիմն որոշումը»,- միջնորդության հիմքերը ներկայացնելիս նշել էր պաշտպանը։

Հիշեցնենք, որ սույն գործով անցնում է նաև 2010-2016 թթ. Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը։

Ըստ մեղադրանքի՝ նա, «Ֆլեշ» ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, 2013թ․ ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ, իր տեղակալ Սամվել Գալստյանի և ՀՀ գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ, օգտագործելով պաշտոնատար այլ անձանց հետ դիտավորությամբ խմբի կազմում կատարել է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդում գտնվող առանձնապես խոշոր չափերով պետական միջոցների՝ ընդհանուր 489,160,310 ՀՀ դրամի վատնում։
Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև Բարսեղ Բեգլարյանին, Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանին և Գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության վարչության նախկին պետ Գևորգ Հարությունյանին։