Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

15 տարի է՝ հավաքվում են․ ինչի՞ց են դժգոհում Կոնդի բնակիչները (տեսանյութ)

Կոնդի բնակիչներն արդեն 15 տարի է՝ ամեն շաբաթ հավաքվում և քննարկում են տարածքում առկա խնդիրները։ Այս անգամ նրանք հավաքվել էին Կոնդը Լեո փողոցին հատող փոքրիկ հատվածի համար․ընթացող շինարարության պատճառով այն պետք է փակվի։

 «Կոնդի ժողովրդին հիմա մնում է այդ միակ դալանը, որով ժողովուրդը գնում- գալիս է, ցանկություն ունեն դա էլ վերացնել։ Իսկ Կոնդի բնակիչները ո՞ր կողմից պետք է գնան քաղաք։ Ի՞նչ է, քաղաքի բնակիչներ չե՞նք, հաշվի չեն առնում այդ ամենը»,- նշում է Կոնդի բնակիչ Արտավազդ Ասլանյանը։

Կոնդի բնակիչները նշում են, որ այդ ճանապարհով են երեխաներին տանում մանկապարտեզ, դպրոց և ճանապարհը եթե փակվի, բազմաթիվ անհարմարություններ կառաջանան։ Կոնդի բնակչուհի  Նաիրա Երեմյանը ասում է՝ խնդրի վերաբերյալ ամիսներ առաջ են բարձրաձայնել․

 «Մի քանի ամիս առաջ դրա համար աղմուկ բարձրացրեցինք , ծառեր էին հատում, ասացինք՝ ո՞նց, նորմալ առողջ ծառերը ո՞վ է ասել, որ կտրեք։ Ասում եմ՝ եղբայր ստեղ դուռ կա, սա տան տիրոջ դիմացի մասն է, իրա սեփականությունն է, եթե նույնիսկ միտումնավոր էդ մարդու սեփականության վկայականի մեջ չեն ընդգրկել, դա չի նշանակում՝ կարող եք քանդել։ Մեզ ասում են՝ մենք ուզում ենք կաթսայատուն սարքենք։ Դու կաթասայատուն ես սարքում մարդու պատուհանի տակ։ Հիմա համ կոյուղին են վնասել, չի կարողանում սանհանգույցից օգտվի» ։

Կոնդի բնակիչների համար մյուս կարևոր խնդիրը տարիներ առաջ իրականացված բնակարանների սխալ չափագրումն է, որի մեջ օժանդակ շինությունները, նկուղները ներառված չեն։ Խնդրով հանդիպել էին գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանին, քաղաքապետարանից վստահեցրել են, որ չափագրումները պետք է հստակեցվեն։

«Արդեն տևական ժամանակ է՝ մենք պայքարում ենք մեր տների համար, որովհետև Հյուսիսային պողոտան մեր աչքի առաջ է։ Արթուր Մեսչյանը ասեց, որ առկա խնդիրներին պետք է լուծում տրվի, և յուրաքանչյուր տուն պետք է ունենա իր փաստաթուղթը։ Մենք էլ ասեցինք, որ երբ առկա չափերով մեր վկայականները պատրաստ լինեն, մենք  պատրաստ ենք օժանդակել մեր իշխանություններին»,- նշում է Նաիրա Երեմյանը։

 Կոնդի բնակիչները նշում են, որ տասնամյակներ շարունակ իրենց սպասում են, թե երբ պետք է իրենց տները քանդվեն, և նոր տներ իրենց տրամադրվեն, սակայն կհամաձայնվեն միայն այն դեպքում, երբ հաշվի առնվեն տան մակերեսը և շուկայական գինը․

«Լավ կլինի, որ կենտրոնի բնակիչները ապրեն կենտրոնում, քանի որ մենք միշտ այստեղ ենք ապրել։ Ինչո՞ւ պետք է թողնեմ իմ տունը և գնամ ծայրամաս։ Թող հաշվեն շուկայական գնով և տրամադրեն, ով որտեղ կցանկանա, թող իր համար տուն գնի, ով չի ցանկանում, թող տեղում տուն ստանա»,- նշում է Կոնդի բնակիչ Մուշեղ Հարթենյանը։