Բացել լրահոսը Փակել լրահոսը
nkar armine
A A
Քաղաքականություն Հասարակություն

«Քրեական պատասխանատվության ենթարկվելու «Դամոկլյան սուրը» կարող է կախվել ԶԼՄ-ների գլխին» (տեսանյութ)

Հանրային պաշտպանի գրասենյակը մտահոգություն ունի՝ կապված Արդարադատության նախարարարության կողմից շրջանառության մեջ դրած ՀՀ Քրեական օրենսգրքի նախագծի վերաբերյալ։

Նշենք, որ նախագծով առաջարկվում է սուտ մատնություն համարել ոչ միայն իրավասու մարմիններին հանցագործության դեպքի կամ այլ անձի կողմից հանցանք կատարելու մասին սուտ տեղեկություն տալը, այլև ԶԼՄ-ներով նույնաբովանդակ տեղեկություն հրապարակելը։ Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի տեղակալ Արմինե Ֆանյանը դա օրինակով է բացատրում։

«Լրագրողը տպագրում է ենթադրյալ հանցագործության վերաբերյալ նյութ՝ իր աղբյուրից ստանալով տեղեկություն։ ԶԼՄ-ների մասին օրենքով, գիտենք, որ լրատվամիջոցը կարող է աղբյուրը չբացահայտել, տեղեկության ճշմարտացիությունը ստուգելու մեխանիզմ չունենա, տպագրի այդ նյութը, բայց պարզվի, որ այդ հանցագործության վերաբերյալ տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում։ Այս պարագայում մենք բախվելու ենք այն իրավիճակին, երբ լրատվամիջոցը չի ցանկանալու հրապարակել իր աղբյուրը և քրեական պատասխանատվության ենթարկվելու «Դամոկլյան սուրը» կարող է կախվել ԶԼՄ-ների գլխին։ Մեր մտավախությունն է, որ լրատվամիջոցն օգտվելու է իր իրավունքից, որը օրենքով սահմանված է, բայց մյուս կողմից էլ բախվելու է քրեական պատասխանատվության ենթարկվելու վտանգի հետ, և այս երկու շահերը բախվելու են»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արմինե Ֆանյանը։

Սուտ մատնության համար պատասխանատվություն սահմանող հոդվածի վերաբերյալ բուն մտահոգությունն ըստ Արմինե Ֆանյանի՝ մամուլի ազատության սահմանափակման վտանգն է։

«Սա կարող է յուրաքանչյուր իշխանության ձեռքում դառնալ այս կամ այն լրատվամիջոցը լռեցնելու կամ նրա ազատ գործունեությանը խոչընդոտելու գործիք»,- նշեց Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարը։

Մանրամասները՝ տեսանյութում։