Բացել լրահոսը Փակել լրահոսը
_47I0790
A A
Սպորտ Պաշտոնական

Ամուր և պինդ կանգնենք սպորտի կողքին. վարչապետը պարգևներ է հանձնել 10 լավագույն մարզիկներին (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է 2019 թվականի տարվա 10 լավագույն մարզիկների պարգևատրման արարողությանը: Միջոցառմանը ներկա են եղել նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, հայկական սպորտի բազմաթիվ ներկայացուցիչներ:

 

Վարչապետը նախ հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես նշել է. 

 

«Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի հարգելի նախարար

Ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի հանձնաժողովի մեծարգո նախագահ 

Բոլոր ժամանակների մեծարգո օլիմպիական չեմպիոններ,

Հարգելի մարզիկներ, մարզիչներ, պետական այրեր

 

Ուրախ եմ այսօրվա մեր հանդիպման համար: Սա գործնական մեկնարկն է մեր քաղաքական այն հայտարարության, թե սպորտի զարգացումը Հայաստանի Հանրապետության համար ունի ռազմավարական նշանակություն: Երեկ կառավարության նիստում ասացի, բայց չեմ զլանա կրկնել, որ մենք հիմա մշակում ենք Հայաստանի մինչև 2050 թ. զարգացման ռազմավարությունը և այդ զարգացման տեսլականի մեջ առանձնահատուկ տեղ ենք տալիս սպորտին՝ արձանագրելով մեր ազգային և պետական նպատակը՝ մինչև 2050 թ. ունենալ առնվազն 25 օլիմպիական ոսկե մեդալ: 

 

Իհարկե, շատերին այս նշաձողը թվում է չափազանց բարձր, բայց դա մեզ ոչ թե հուսահատեցնում է, այլ ընդհակառակը, ոգևորում է, որովհետև չեմպիոն լինելու համար կա մի շատ կարևոր նախապայման՝ տրամադրված լինել անել ոչ թե այն, ինչ հնարավոր է, այլ տրամադրված լինել անել այն, ինչ անհնար է: Եվ հետևաբար, ես այսօրվա մեր միջոցառումը համարում եմ մարդկանց հավաքույթ՝ մի մասը՝ գուցե մարզական բնագավառում, մյուս մասը՝ քաղաքական բնագավառում, որոնք իրենց առաջ ոչ թե խնդիրներ դնում են ըստ դրանց հնարավորության, այլ խնդիրներ դնում են ըստ դրանց անհնարինության: Եվ կարևորը նրանց մեծագույն առաքելությունն անհնարինը հնարավորին դարձնելն է և ոչ միայն անհատապես, ոչ այնքան անհատապես, այլև ընդհանրապես պետության, ժողովրդի, հանրության համար: Այս առումով եմ ես շատ կարևոր համարում Հայաստանում մեծ սպորտի զարգացումը, որովհետև կարծում եմ, որ մեր մարզիկների հաղթանակները միջազգային ասպարեզում ոչ միայն նրանց անհատական հաջողություններն են, ոչ միայն նրանց մարզիչների և մարզադպրոցների հաջողություններն են, այլև նրանք մեծացնում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, հայ ժողովրդի վստահությունը սեփական ուժերի նկատմամբ: 

 

Սա է մեզ համար սպորտի և մարզական հաջողությունների առանցքային նշանակությունը: Եվ մենք ուզում ենք, որ մեր համատեղ աշխատանքի արդյունքում կարողանանք մեծացնել մեր ժողովրդի վստահությունը սեփական ուժերի նկատմամբ, կարողանանք մեծացնել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու վստահությունը սեփական ուժերի նկատմամբ: Եվ սա ասելով ուզում եմ արձանագրել, որ մեր մարզիկների առաքելությունը, լինելով շատ կարևոր մարզական առաքելություն, նաև ազգային և պետական  առաքելություն է: Համենայնդեպս, մենք այդպես ենք ընկալում, և սա է պատճառը, որ մենք ունենք քաղաքական որոշում, որ պետք է ամուր և պինդ կանգնենք սպորտի կողքին, մեր մարզիկների կողքին և մեզնից կախված առավելագույնն անենք Հայաստանում սպորտի զարգացման համար: 

 

Եվ կարևոր եմ համարում սերունդների դաստիարակության և արժեհամակարգային փոփոխություններն անելու իմաստով նաև սպորտի դերը, որովհետև բազմիցս եմ առիթ ունեցել ասելու, որ, ցավոք, այսօր Հայաստանում երիտասարդության շրջանում քրեական պսևդոմշակութային ազդեցությունները շատ մեծ են: Ես մեր չեմպիոնների դերը տեսնում եմ նաև սրա մեջ, որ նրանք դառնան ընդօրինակելի կերպար, պատանիներին վստահություն կներշնչեն սեփական ուժերի նկատմամբ և ցույց կտան,  թե մարդու նպատակաուղղվածությունը, աշխատասիրությունը, թիմային լինելու ընդունակությունն ինչպիսի բարձրունքների կարող է հասցնել ոչ միայն յուրաքանչյուր անհատի, այլև մի ամբողջ ժողովրդի, պետության: 

 

Համոզված եմ՝ ձեզնից յուրաքանչյուրը գիտի, թե Հայաստանում մարդիկ ինչպիսի հուզմունք են ապրում, երբ ձեր հաղթանակների շնորհիվ բարձրանում է հայոց պետական դրոշը, և հնչում է հայոց պետական հիմնը: Ես ուզում եմ այս տեսարանի մեջ նկարագրել մեր քաղաքական մի շատ կարևոր կարգախոս. մենք ասում ենք, որ մենք պայքարում ենք և աշխատում ենք հանուն ազատ և երջանիկ Հայաստանի: Ընդհանրապես մեզ հարցնում են՝ ի՞նչն է երջանկությունը, ի՞նչ նկատի ունեք երջանկություն ասելով: Կարծում եմ, որ երջանկությունը ոչ թե մշտական, անընդհատ գոյություն ունեցող պրոցես է, երջանկությունը, այդ թվում՝ հանրային երջանկությունն այն բերկրանքի պահերն են, որ մենք՝ որպես ամբողջություն, որպես պետություն, որպես ժողովուրդ, ապրում ենք: Եվ, վստահաբար, ձեր հաղթանակների և այդ հաղթանակներին հետևած պաշտոնական արարողությունների, դրանց նախորդող և հաջորդող շրջանի ինքնազգացողությունն ազգային և պետական երջանկության կարևոր դրսևորումներ են: Եվ նաև այս առումով եմ կարևորում Հայաստանում սպորտի զարգացումը և մեր մարզիկների հաղթանակները հայաստանյան ու միջազգային ասպարեզներում: Իհարկե, մենք հասկանում ենք, որ չեմպիոնները չեմպիոն չեն ծնվում, նրանք դառնում են: Եթե նույնիսկ ծնվում են չեմպիոնական հատկանիշներով, շատ կարևոր է, որ  կարողանանք Հայաստանում զարգացնել մարզական, սպորտային ենթակառուցվածքները, ունենալ լավ մարզադպրոցներ, մարզագույք, խրախուսել լավ մարզիչներին, ունենալ կրթական այնպիսի համակարգ, որը կմատակարարի լավ մարզիչներ: Եվ շատ կարևոր է ընդգծել, որ մեր կառավարությունը նաև այս թեմային է հատուկ ուշադրություն դարձնում: Նախորդ տարի կառավարության մի որոշմամբ որոշում կայացրեցինք գնել այնքան մարզագույք, որքան չէր գնվել վերջին 4-5 տարիների ընթացքում: Եվ դա արվել է ի նշանավորումն մեր քաղաքական հայտարարությունների, որ Հայաստանում սպորտն ունի ռազմավարական նշանակություն: 

 

Եվ ես ուզում եմ ասել, թե մենք ընդհանրապես ի՞նչ ենք ակնկալում այս ամենից: Մենք ակնկալում ենք, որ դուք՝ ՀՀ մարզական հանրությունըը և կառավարությունը դառնան դաշնակից, գործընկեր ՀՀ զարգացման ռազմավարական տեսլականը իրագործելու հարցում: Ուզում եմ հավաստիացնել, որ ՀՀ կառավարությունն իրենից կախված ամեն ինչ կանի, որ դուք զգաք պետության աջակցությունը, և համոզված եմ, որ դուք ձեր գործունեության ամեն օր, ամեն վայրկյան, ամեն ժամ գիտակցում եք, որ առաքելությունը, որ դուք կատարում եք, ազգային, պետական ռազմավարական առաքելություն է: Եվ ես ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել այդ առաքելությանը այդպիսի նվիրումով տրվելու համար և ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեր բոլոր ձեռքբերումների համար, որով ևս մեկ աստիճանով մեծացրել եք մեր ազգային և պետական հպարտությունը, և, թույլ տվեք, հավատ և վստահություն ներշնչել, արտահայտել, որ մենք այդպիսի բերկրանքի, երջանկության, հպարտության և հզորության բազմաթիվ ակնթարթների ականատես կլինենք:

 

Շնորհավորում եմ 2019 թվականի լավագույն մարզիկ ճանաչված մեր մարզիկներին, շնորհավորում եմ նրանց մարզիչներին, ընդհանրապես շնորհավորում եմ և շնորհակալություն եմ հայտնում ՀՀ մարզական, սպորտային ողջ հանրությանը՝ հայրենիքին մատուցած ծառայությունների համար: Եվ ուզում եմ համոզմունք հայտնել, հույս հայտնել, որ ՀՀ կառավարությունն ի վիճակի կլինի, կկարողանա այդ ծառայությունները գնահատել ըստ արժանվույն: Ինչի՞ եմ ասում՝ հույս ունեմ և չեմ ասում՝ վստահ եմ, որովհետև այդ ծառայություններն անգին են, անգնահատելի են, և այդ առումով ինչպիսին էլ լինի կառավարության արձագանքը, այնուամենայնիվ, այն չի լինի համարժեք: Շնորհակալ եմ և մաղթում եմ մեզ բոլորիս նորանոր հաջողություններ»:      

 

Վարչապետը տարվա 10 լավագույն մարզիկներին՝ հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանին, Սլավիկ Գալստյանին, ծանրորդներ՝ Ռուբեն Ալեքսանյանին, Սիմոն Մարտիրոսյանին, Գոռ Մինասյանին, Հակոբ Մկրտչյանին, մարմնամարզիկ՝ Արթուր Ավետիսյանին, բռնցքամարտիկ՝ Հովհաննես Բաչկովին, սամբիստ՝ Տիգրան Կիրակոսյանին, ազատ ոճի ըմբիշ Արսեն Հարությունյանին անձամբ է հանձնել պարգևները:

 

Նիկոլ Փաշինյանը Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի վեցակի, Աշխարհի եռակի չեմպիոն, Սպորտի վասատակավոր վարպետ Արմեն Նազարյանին պարգևատրել է հայրենիքին մատուցած ծառայությունների համար Առաջին աստիճանի շքանշանով։

Կառավարության ղեկավարի կողմից սպորտի բնագավառում ներդրած ավանդի համար պարգևատրվել են նաև մի խումբ մարզիչներ: