Եվրոպայի լիգա. Հենրիխ Մխիթարյանի թիմերը երեք հաղթանակ են տարել փլեյ-օֆֆում
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Եվրոպայի լիգայում կայացան 1/16 եզրափակիչ փուլի առաջին հանդիպումները:
Բոլորից հաջող հանդես եկան Գերմանիայի ակումբները, որոնք տարան երեք հաղթանակ: Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» սեփական դաշտում պարզապես ջախջախեց Ավստրիայի չեմպիոն «ՌԴ Զալցբուրգին»՝ 4:1, իսկ «Բայերն» ու «Վոլֆսբուրգը» միևնույն 2:1 հաշվով առավելության հասան պորտուգալական «Պորտոյի» և շվեդական «Մալմյոյի» նկատմամբ:
Հաղթանակներ տարան նաև Իտալիայի երկու ներկայացուցիչները: Միլանի «Ինտերը» հյուրընկալվելիս վստահ հաղթեց Բուլղարիայի չեմպիոն «Լուդոգորեցին»՝ 2:0, իսկ Հռոմի «Ռոման» սեփական դաշտում նվազագույն հաշվով առավելության հասավ բելգիական «Գենտի» նկատմամբ՝ 1:0: Հայաստանի հավաքականի ավագ Հենրիիխ Մխիթարյանը, որը հայտավորվել էր պահեստայինների թվում, խաղադաշտ մտավ 79-րդ րոպեին: Նա իրենց հատկածված ժամանակահատվածում կատարել է 7 ճշգրիտ փոխանցում, 3 անգամ մենամարտի է բռնվել, որից հաղթել է միայն մեկում: Մասնագետները նրա խաղը գնահատել են 6,7 բալով (7-րդը թիմում):
Անգլիական ակումբներից այս փուլում հաջող հանդես եկավ Երևանի «Փյունիկի» նախկին մրցակից «Վուլվերհեմփթոնը», որը սեփական դաշտում 4:0 հաշվով ջախջախեց իսպանական «Էսպանյոլին»: Հենրիխ Մխիթարյանի ներկայիս ակումբը՝ Լոնդոնի «Արսենալը» (իրավաբանորեն նա հանդիսանում է անգլիական ակումբի ֆուտբոլիստ – հեղ.), հյուրընկալվելիս համեստ հաղթանակ տարավ հունական «Օլիմպիակոսի» նկատմամբ՝ 1:0: Իսկ ահա նրա նախկին թիմը՝ «Մանչեսթեր Յունայթեդը», բելգիական «Բրյուգեի» հետ արտագնա խաղում բավարարվեց ոչ-ոքի արդյունքով՝ 1:1:
Հենրիխ Մխիթարյանի համար հարազատ համարվող Դոնեցկի «Շախտյորը» սեփական դաշտում 2:1 հաշվով պարտության մատնեց Պորտուգալիայի չեմպիոն «Բենֆիկային»: Այնպես որ, եթե «Ռոման» մտնի հաջորդ փուլ, ապա շատ հնարավոր է հանդիպի մեր ֆուտբոլիստի նախկին թիմերից մեկի հետ:
Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչ փուլի պատասխան խաղերը տեղի կունենան հաջորդ շաբաթ, փետրվարի 27-ին: