Արսեն Հարությունյանը շարունակում է առաջադիմել․ Հաբեթնակ Կուրղինյան
Աջակցիր «Ա1+»-ին«Եվրոպայի առաջնությունում այս անգամ ունեցանք մեկ բրոնզե մեդալ՝ հանձինս Արսեն Հարությունյանի։ Երեք մարզիկ պայքարեցին 3-րդ տեղի համար, սակայն պարտվեցին, ընդ որում երկուսը զիջեցին վերջին վայրկյաններին։ Ցավալի պարտություններ կրեցինք։ Մնացածը մասնակցեցին իրենց հնարավորությունների սահմաններում», - ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանն այսպես գնահատեց թիմի ելույթները Հռոմում կայացած Եվրոպայի առաջնությունում։
Գլխավոր մարզիչը կրկին գոհ է Արսեն Հարությունյանի ելույթից, չնայած նրան, որ մարզիկը չկարողացավ պահպանել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։
«Արսենի մոտ անընդհատ առաջընթաց է նկատվում։ Ամենակարևորն այն է, որ նա մրցակիցներին միավորներ չի տալիս առաջվա նման։ Պարտվել է միայն այն դեպքում, երբ միավոր է կորցրել։ Մնացած դեպքերում նա զրոյով հաղթանակ է տարել»։
«Ա1+»-ի այն հարցին, արդյոք մեր ըմբիշները ֆիզիկական վատ պատրաստության պատճառով էին պարտվում մարտերի վերջին, գլխավոր մարզիչն ասաց․
«Ֆիզիկական գործոնի պահը, իհարկե, կա, սակայն դա միակ պատճառը չէ։ կան նաև հոգեբանական և տակտիկական գործոններ։ Օրինակ, Արսեն Հարությունյանը երբեք չի ընկճվում և պայքարում է մինչև վերջին պահը։ Այդ իսկ պատճառով մրցակիցները սկզբում հանգիստ են գոտեմարտում, և միայն վերջում են փորձում միավոր վաստակել, որպեսզի մեր ըմբիշը հնարավորություն չունենա ետ բերելու միավորները։ Ուստի, Արսենի հետ դեռ պետք է աշխատենք տակտիկապես», - պարզաբանեց մարզիչը։
Խոսելով առաջիկա վարկանիշային մրցաշարերի մասին, Հաբեթնակ Կուրղինյանն ասաց, որ առայժմ հայտնի է մեկ մասնակցի անունը։ Դա Արսեն Հարությունյանն է։ Մյուսներին կընտրենք Վլադիկավկազում նախատեսված ուսհավաքից հետո։