Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Ռուբինյանց փողոցի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել․ 7 հոգի տարհանվել է (տեսանյութ)

Փետրվարի 20-ին, ժամը 12:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռուբինյանց փողոցի թիվ 11 շենքի 1-ին հարկի բնակարաններից մեկում ծուխ է նկատվում:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, ինչպես նաև հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել թիվ 11 շենքի 1-ին հարկի բնակարաններից մեկում, ծխապատված է շենքի ամբողջ մուտքը. մարդկանց կյանքին վտանգ է սպառնում: 

Հրշեջ-փրկարարների կողմից ընտրվել է ճիշտ մարտավարություն. ստեղծված իրավիճակում գործել են օպերատիվ՝ միաժամանակ կազմակերպելով փրկարարական և հրդեհաշիջման աշխատանքներ:

Փրկարարները դեպքի վայրում իրականացրել են տարհանման միջոցառումներ. ծխապատ գոտուց անվտանգ տարածք է տարհանվել 7 քաղաքացի, որոնց կյանքին այլևս վտանգ չի սպառնում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:11-ին, մարվել՝ ժամը 13:24-ին: 

Հրդեհի հետևանքով այրվել է 1-ին հարկի բնակարանը՝ ամբողջությամբ և, ըստ նախնական տվյալների, ջերմահարվել են նաև շենքի 2-րդ և 3-րդ հարկերի պատուհանները: