10 լավագույն մարզիկները կպարգևատրվեն 5-ական մլն դրամով (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԿառավարությունն առաջարկում է ՀՀ 2020 թ․-ի պետական բյուջեում վերաբաշխում անել, ՀՀ Կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարել ու ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը գումար հատկացնել։
Առաջարկվում է ԿԳՄՍ-ին տրամադրել 50 մլն դրամ` տարվա 10 լավագույն մարզիկներին պարգևատրելու համար։
«Պարոն վարչապետ, մրցույթը անցկացվել է նախորդ տարի, այս մրցույթի հաղթողների համար նախկինում խրախուսման միջոցներ հատկացված չեն եղել։ Համատեղ քննարկման արդյունքում որոշվեց 10 լավագույն մարզիկներին խրախուսել յուրաքանչյուրին 5-ական մլն դրամով»,- ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։
Այս կերպ, ըստ նախարարի՝ պետությունը մեծ ուշադրություն է դարձնում մարզական արդյունքերին։
Նշենք, որ 2019 թ․-ի դեկտեմբերի 25-ին անց է կացվել ՀՀ «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթը, որի արդյունքում որոշվել են 10 լավագույն մարզիկները: Նրանք են՝ ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանը, ծանրամարտիկ Ռուբեն Ալեքսանյանը, մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը, բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը, ըմբշամարտիկ Սլավիկ Գասպարյանը, սամբիստ Տիգրան Կիրակոսյանը, ազատ ոճի ըմբշամարտիկ Արսեն Հարությունյանը, ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանը, ծանրամարտիկ Գոռ Մինասյանն ու ծանրամարտիկ Հակոբ Մկրտչյանը։
Նշենք նաև, որ փետրվարի 21-ին Հայաստանի Հանրապետության Նախագահի նստավայրում տեղի կունենա 10 լավագույն մարզիկների պարգևատրման երեկո:
Նախագիծն ընդունվեց միաձայն։