Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Ի՞նչ գրքեր են կարդում պատգամավորները (տեսանյութ)

 Ամենայն հայոց բանաստեղծի՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը Հայաստանում ընդունված է միմյանց գիրք նվիրել։ Ազգային ժողովի 3 ուժերի ներկայացուցիչները «Ա1+»-ի հետ զրույցում խոսեցին, թե ինչ են այս պահին կարդում, ինչ գիրք են պատրաստվում նվիրել և սիրելի գրքերի մասին։

«Բարգավաճ Հայաստան»-ից Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ իրեն գիրք նվիրելը հեշտ գործ չէ, բոլոր այն գրքերը, որոնք պետք է ընթերցել, Նաիրա Զոհրաբյանն արդեն ընթերցել է, բայց դեմ չէ, որ նվիրեն։ Թե ում է նվիրելու է Սամվել Մկրտչյանի «Հայ պոեզիայի ընտրանին», Նաիրա Զոհրաբյանը դեռ չգիտի, բայց նվերն արդեն պատրաստ է։Այս շրջանում ԲՀԿ-ական պատգամավորը կենտրոնացել է քաղաքական գրականության վրա, ավարտին է հասցրել ռուս լրագրող, պոետ, դրամատուրգ Վիկտոր Շենդերովիչի «Блокада мозга 2014» գիրքը։

«Նաև նորից սկսել եմ կարդալ հայտնի մարդկանց նամակագրությունները, դա ֆանտաստիկա է։ Երբ որ կարդում ես օրինակ՝ Մոդիլիանիի անձնական կյանքը, ուրիշ հայացքով ես սկսում նայել նրա նկարները, այսինքն՝ բացահայտում ես մի շերտ, որը մինչ այդ չէիր տեսել»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը։

Իշխող խմբակցությունից՝ «Իմ քայլ»-ի պատգամավոր Հովիկ Աղազարյանն էլ մոռացել էր, որ այսօր նաև նշվում է գիրք նվիրելու օրը, այդ իսկ պատճառով, նա նվեր չէր պատրաստել։ Հովիկ Աղազարյանն այս պահին որևէ գիրք չի կարդում, պատճառները տարբեր են՝ սկսած ծանրաբեռնված լինելուց մինչև ինտերնետի առկայությունը։

«Չնայած այն հանգամանքին, որ ժամանակները փոխվել են, ինֆորմացիայի աղբյուրները շատացել են, միգուցե նաև այդ պատճառով է, որ գիրք կարդալը հետին պլան է մղվել, այդուհանդերձ ես կարծում եմ, որ գիրք կարդալուց ավելի հաճելի բան ու լավ հանգստի միջոց չկա, չհաշված նաև այն հանգամանքը, որ կարդալն օգնում է մարդուն լինել պատրաստված շատ-շատ իրավիճակներում դրսևորվելու համար»,- ասաց նա։

Հովիկ Աղազարյանը հիշելով իր դեռահասության տարիքը, նշեց, որ երբ գիրք էր կարդում, իրեն պատկերացնում էր գրքի հերոսներից մեկի դերում ու մտածում, թե ինքը ինչպես կվարվեր տվյալ իրավիճակում։ Հովիկ Աղազարյանը խորհուրդ է տալիս անպայման ընթերցել Էթել Լիլիան Վոյնիչի «Բոռ»-ը, Ուիլյամ Գոլդինգի «Ճանճերի տիրակալը» վեպերը։

Խորհրդարանական 3-րդ ուժի՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դեռ գիրք նվեր չի ստացել։ Իսկ այս պահին ընթերցում է դեկտեմբերին նվեր ստացած՝ «Ի՞նչ է պոպուլիզմը» գիրքը։ Նա պոեզիայի սիրահար է։

«Գրեթե ամեն օր պոեզիա եմ կարդում, պոեզիան ինձ համար խտացված գիտելիք է և շատ է օգնում ինձ լիցքաթափվելու համար, նոր գաղափարներ ունենալու առումով։ Շատ եմ սիրում, մանավանդ հայկականը։ Քանի որ քաղաքականության մեջ եմ «ստիպված եմ» նաև քաղաքական գրքեր կարդալ»,- ասաց նա։ Սրբուհի Գրիգորյանը սիրում է Համո Սահյան։ Ասում է, թեև մեծ գրադարան ունի նրանից, բայց կցանկանար դարձյալ Սահյան նվիրեին։

«Ա1+»-ի խնդրանքով խորհրդարանական 3 ուժերի ներկայացուցիչները Հովհաննես Թումանյանի ծննդյան 151-րդ տարեդարձի առիթով ասմունքեցին։ Նաիրա Զոհրաբյանը՝ «Լոռեցի Սաքոն», Հովիկ Աղազարյանն ու Սրբուհի Գրիգորյանն էլ՝ մեկական քառյակ։

Մանրամասները՝ տեսանյութում։