Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Սերժ Սարգսյանի գործով դատական նիստի օրը հայտնի է

Սերժ Սարգսյանի եւ մյուսների դատական գործով առաջին նիստը տեղի կունենա փետրվարի 25-ին։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից։ Գործը մակագրվել է դատավոր Վահե Միսակյանին։ 

Ըստ մեղադրանքի, Սերժ Սարգսյանը, 2008թ․ ապրիլի 9-ից մինչև 2018թ․ ապրիլի 9-ը ընկած ժամանակահատվածում, զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013թ․ հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում, կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489,160,310 ՀՀ դրամի հափշտակության կատարում։

 Գործով անցնում է  նաեւ 2010-2016 թթ   Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը։ Ըստ մեղադրանքի՝  նա «Ֆլեշ» ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, 2013թ․ ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ,իր տեղակալ Սամվել Գալստյանի և ՀՀ գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ, օգտագործելով պաշտոնատար այլ անձանց հետ դիտավորությամբ խմբի կազմում կատարել է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդում գտնվող առանձնապես խոշոր չափերով պետական միջոցների՝ ընդհանուր 489,160,310 ՀՀ դրամի վատնում։


  Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաեւ Բարսեղ Բեգլարյանին, Գյուղատնտեսության նախկին փոխնախարար  Սամվել Գալստյանին եւ Գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության վարչության նախկին պետ Գեւորգ Հարությունյանին։ 

Նրանց բոլորի նկատամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։