Բացել լրահոսը Փակել լրահոսը
DSC_0115
A A
Քաղաքականություն

Արփինե Հովհաննիսյանն անդրադարձավ հեղինակային իրավունքի խնդրին (տեսանյութ)

Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի եւ Երեւանի պետական համալսարանի Իրավագիտության եւ Ժուռնալիստիկայի ֆակուլտետների համագործակցությամբ ընթանում է «Մեդիա իրավունք» կրթական ծրագրի մեկնարկային միջոցառումը։
 
Արդարադատության նախկին նախարար, «Իրավական կրթություն և վերահսկողություն» հասարակական կազմակերպության նախագահ Արփինե Հովհաննիսյանն, ի թիվս այլ հարցերի, անդրադարձավ նաև հեղինակային իրավունքի խնդրին։ 
 
«Ցանկաած թերթում գրված նյութ, անկախ նրանից՝ հեղինակային իրավունքի օբյեկտ է, թե ոչ, կամ ցանկացած կայքի այցելություն գրեթե ամբողջությամբ վերարտադրվում է՝ վերնագրում նշելով սկզբնաղբյուրը, բայց իրականում ընթերցողի քանակի վրա ազդեցություն ունենում Է։ Քանզի ընթերցողը ժամանակի ընթացքում գիտի, որ երբ իրեն ասում են՝ «շարունակությունը սկզբնաղբյուր կայքում» , միևնույն է մեկ, երկու, երեք այցելությունից հետո, ինքն էլ տեսնում է, որ սկզբնաղբյուր կայքում էական մաս պահպանված չէ։ Չկա մի բան, որ ինքը վերարատադրող կայքում չի տեսել»,- նշեց նա։
 
Այս առումով Հովհաննիսյանը հավելեց, որ ժամանակին կարևոր նշանակություն ունեցավ Եվրոպական արդարադատության դատարանում քննված մի գործը, որի վերաբերյալ որոշման մեջ նշված է եղել. «Թույլատրելի է ստեղծագործության այն հատվածի պաշտպանությունը, որն արտահայտում է հեղինակի ստեղծագործական աշխատանքը, եթե նույնիսկ այն բաղկացած է 11 բառից»։ Սակայն, ըստ նրա, մինչև այժմ այս գործը մնում է վիճելի։
 
Անդրադառնալով լրատվամիջոցների աղբյուրների պաշտպանության խնդրին՝ Հովհաննիսյանը նախ հղում կատարեց «Զանգվածային լրատվության մասին» օրենքին, ըստ որի՝ տեղեկատվության աղբյուրի բացահայտումը լրատվական գործունեություն իրականացնողին, ինչպես նաև լրագրողին կարող է պարտադրել բացառապես դատարանի որոշմամբ քրեական գործի առիթով ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության բացահայտման նպատակով նպատակով, եթե հասարակության շահերի քրեա-իրավական պաշտպանության անհրաժեշտությունն ավելի ծանրակշիռ է, քան տեշեկատվության աղբյուրը չբացահայտելու հասարակության շահագրգռվածությունը, երբ սպառված են հասարակական շահերի պաշտպանության մնացած բոլոր միջոցները։
 
Տեղեկատվության պաշտպանության մասով ամենահայտնի գործերից մեկը, ըստ նախկին նախարարի, «Գուդվին ընդդեմ Մեծ Բրիտանիայի» 1996 թվականի գործն է։ Լրագրող Գուդվինը մի ընկերության ֆինանսական աղբյուրների վերաբերյալ տեղեկատվություն էր ստացել՝ հրաժարվելով բացահայտել աղբյուրը, իսկ ներպետական դատական ատյանները պարտավորեցնում էին բացահայտել այն։
 
«Արդյունքում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սահմանեց, որ լրագրողական աղբյուրների պաշտպանությունը մամուլի ազատության հիմնարար պայմաններից է», - ընդգծեց Արփինե Հովհաննիսյանը։